Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Մեկնարկեց Գյումրու «Կանաչ քաղաք» ծրագրի մշակումը


ԳՅՈՒՄՐԻ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանում  սեպտեմբերի 19-ին  տեղի ունեցավ Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի պատրաստման մեկնարկային աշխատաժողովը, որի մեկնարկով պաշտոնապես սկիզբ դրվեց ծրագրի մշակմանը: Այն մեկամյա նախագիծ է, որի նպատակն է աջակցել Գյումրու «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի (ԿՔԳԾ) մշակմանը: Նախագիծը ֆինանսավորում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ): ԿՔԳԾ-ն ՎԶԵԲ-ի Կանաչ քաղաքների ծրագրի բաղկացուցիչ մասն է և ուղղված է քաղաքային համայնքների կայունության և բնապահպանական մարտահրավերներին արձագանքմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գյումրու քաղաքապետարանից, Գյումրի քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակման համար ներգրավվել է միջազգային փորձագիտական խումբ, որը կազմված է «Ատկինս», «Էյչ-Սի-Էլ Քնսալթինգ» և Էլ-Դի-Քեյ (Atkins Acuity, HCL Consulting և LDK) ընկերությունների ներկայացուցիչներից։ Վերլուծության հիմնական ոլորտներն են տրանսպորտը, շինությունները, արդյունաբերությունը, էներգետիկան, ջրամատակարարումն ու ջրահեռացումը, կոշտ կենցաղային թափոնները, քաղաքաշինությունը, հողօգտագործումը, կանաչ տարածքները և էկոհամակարգերը։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է ծրագրի իրագործումը. «Այն թույլ կտա գնահատել քաղաքի բնապահպանական խնդիրները, կայուն զարգացման մարտահրավերները և հանրության հետ քաղաքականության երկխոսության ապահովման միջոցով մշակել քաղաքի կայուն զարգացման տեսլական»:

ՎԶԵԲ ներկայացուցիչ Ն.Զոլլանդսին ողջունելով ներկաներին՝ խոսել է Գյումրու հետ ունեցած հարաբերությունների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում այս պահին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ և լուսավորություն» ծրագրի մասին, ապա՝ անդրադարձել «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրին և  դրա ընթացքին:

 

 Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ