Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ կա մի ուժ, որի տեսակետից կարող է քաղաքական իրավիճակը փոխվել. դա ժողովուրդն է


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում ժողովրդի իշխանությանը ոչինչ չի սպառնում և չի սպառնալու: «Եթե 10 օր առաջ կարելի էր խոսել հակահեղափոխության մասին, այսօր կարող եմ հստակ և վստահ ասել, ՀՀ հպարտ քաղաքացիներ՝ ձեր իշխանությանը ոչինչ չի սպառնում և ոչինչ չի սպառնալու: Բայց հիմա սկսվել է մի նոր գործընթաց, հիմա էլ քաղաքական ուժերը դժգոհ են նրանից, որ մենք մերժում ենք պայմանավորվածությունները: Մեր պայմանավորվածությունը ժողովրդի հետ է և ժողովրդի թիկունքում ոչ մեկ ոչ մի պայմանավորվածության չի գալու, Հայաստանում հաստատված է ուղիղ ժողովրդաիշխանություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այն խոսքերը, երբ հնչեցրել էր Ազգային ժողովում՝ Հանրապետական խմբակցության կողմից իր վարչապետությանը դեմ քվեարկելու ժամանակ:  «Ասացի, որ այսօր Հանրապետականն ինքնասպանություն գործեց: Հիմա այդ կուսակցության որոշ անդամներ արտահայտվում են, խոսում, սակայն նրանց մնում է Սասունցի Դավիթի օրինակով ասել՝ «մի հատ ձեզ թափ տվեք, տեսեք թե ձեր որ կտորը որ կողմը կընկնի»: Սերժ Սարգսյանին ասացի՝ իրավիճակը սխալ եք գնահատում, գնաց՝ սպեցնազն ուղարկեց, հաջորդ օրն ասաց՝ «Նիկոլը ճիշտ էր ասում»: Հիմա էլ ասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ չենք ուզում, նպատակահարմար չենք գտնում: Ձեզ թվում է՝ դո՞ւք եք որոշել, թե ով ընտրվի վարչապետ, դուք ո՞վ եք, որ նպատակահարմար համարեք, ժողովուրդը պետք է որոշի: Իրենք ուզում են ասել, որ իրենք են որոշել, որ ես վարչապետ ընտրվեմ: Հիմա պրոցեսը շարունակվում է և խորհրդարանում գտնվող այլ քաղաքական ուժեր ասում են՝ երևի մենք էլ դեմ լինենք, որ լինեն ընտրությունհներ: Չեմ հասկանում, թե սա ի՞նչ մտածողության ձև է, չե՞ն հասկացել, թե Հայաստանում ինչ է կատարվում: Ասում են՝ մտածեք, այն ուժերը որ օգնել են ձեզ, հիմա այլևս չեն օգնի: Այդպիսի մի ուժ կա, որի տեսակետից կարող է քաղաքական իրավիճակը փոխվել, դա ժողովուրդն է: Սա ոչ թե ինչ որ առհամարանք է, սպառնալիք, սա պարզ քաղաքական իրողության արձանագրում է»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ չեն հասկացել, թե ինչպես է իրականացվել հեղափոխությունը, որն է նրա առանացքային իմաստը: «Դա հետևյալն է. ժողովուրդը կայացնում է որոշումներ և բոլորս ի կատար ենք ածում ժողովրդի որոշումը»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ