Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:  Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում: Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:

Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում:

Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և այլն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ