Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Սեւանի բժշկական կենտրոնում տեղադրվում է համակարգչային շերտագրման սարք


ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Երեւանի «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Հարություն Մանգոյանին եւ «Առագաստ» կրթական հիմնադրամի ղեկավար Արթուր Ղազարյանին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ստորագրվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր, ըստ որի «Վարդանանց» նորարարական բժշկական կենտրոնին պատկանող ճապոնական արտադրության համակարգչային շերտագրման սարքը առաջիկայում կտեղադրվի Սեւանի նորակառույց բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքում։
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը սարքի տեղադրումը կարեւոր ձեռքբերում համարեց մարզի բնակչության համար:
«Համակարգչային շերտագրող սարքը մենք որոշեցինք տեղադրել Սեւան քաղաքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամռան ընթացքում այս տարածքում ունենք զբոսաշրջիկների մեծ հոսք: Սա շատ կարեւոր ձեռքբերում է մարզի բնակչության ու առողջապահական համակարգի զարգացման համար: Հուսով եմ, որ այս համագործակցությունը կապահովի ցանկալի արդյունք»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահ Հարություն Մանգոյանը նշեց, որ իրենք կապահովեն շերտագրող սարքի անխափան շահագործումը, կհոգան բժշկական եւ տեխնիկական անձնակազմի աշխատավարձերի ծախսերը, իսկ սարքի շահագործումից ստացված հասույթի որոշակի մասը կփոխանցվի «Առագաստ» կրթական հիմնադրամին, որն իր հերթին ներդրումներ կկատարի մարզի բժշկական կազմակերպությունների զարգացման ծրագրերում, մասնավորապես՝ սարքավորումների ձեռքբերման, բժշկական անձնակազմի ուսուցման եւ նյութական խրախուսման հարցերում։
Այս նախաձեռնությունն աննախադեպ քայլ է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի համար։ Սա առողջապահության ոլորտում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության առաջին փորձն է։ Համակարգչային շերտագրման սարքը եւս առաջինն է լինելու Գեղարքունիքի մարզում։ Բարձր տեխնոլոգիական սարքերի առկայությունը նաեւ մարզը հրապուրիչ է դարձնում երիտասարդ, շնորհալի մասնագետների համար։ Մանավանդ, երբ ծրագրում ներառված է բժշկական անձնակազմի մասնագիտական կատարելագործման եւ խրախուսման բաղադրիչը: Ակնհայտ է, որ համագործակցության արդյունքում կշահի Գեղարքունիքի մարզի բնակչությունը՝ նախկինում անհասանելի ծառայությունները ստանալով տեղում, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից»,- նշեց Հարություն Մանգոյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ