Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Եվրամիության «դեղին քարտը» Հունգարիային

Եվրամիության «դեղին քարտը» Հունգարիային

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանը օրերս, հիմնվելով ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ի վրա, քվեարկել է Հունգարիայի նկատմամբ աննախադեպ կարգապահական միջոցներ ձեռնարկելու օգտին: Հունգարիայի աջակողմյան կառավարությունը, հանձին` վարչապետ  Վիկտոր Օրբանի, մեղադրվել է ԶԼՄ-ների, փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու, օրենքի գերակայությունն անտեսելու մեջ, որոնք հերքվել են վերջինիս կողմից: Այս առնչությամբ, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նախատեսվում ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ով, որոնք են առաջադրված մեղադրանքի հիմնապատճառները, և ինչ նպատակ է հետապնդում ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառումը:

Խնդրի էությունն առավել հստակ պատկերացնեու համար` անդրադառնանք ԵՄ համաձայնագրում ներառված բուն հոդվածին. «Հոդված 7»-ով ամրագրվում են ԵՄ հիմնարար արժեքները, որոնք հիմնվում են մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության, մարդու, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների  նկատմամբ հարգանքի վրա: Դրանց խախտման, անտեսման դեպքում նախատեսվող գործընթացն ընթանում է երկու փուլով, ընդ որում պարտադիր չէ, որ դրանք կախված լինեն մեկը մյուսից: Առաջին փուլը ենթադրում է կանխարգելիչ միջոցների ձեռնարկում (կիրառվում է այն դեպքում, երբ առկա են ԵՄ արժեքների անտեսման հստակ ռիսկեր), իսկ երկրորդ փուլը` պատժամիջոցների կիրառում (այն դեպքում է կիրառվում, երբ այս առնչությամբ առկա են լուրջ խախտումներ և դրանք կրում են պարբերական բնույթ):

Ահա այս հիմունքներով էլ ԵՄ-ն մեղադրում է Հունգարիայի կառավարությանը` դատական և ընտրական համակարգերում ճնշումներ գործադրելու, խոսքի, կրոնի, միավորումներ կազմելու, ակադեմիական ազատությունը սահմաանափակելու, փախստականների (հատկապես` գնչուներ և հրեաներ) իրավունքները ոտնահարելու,   ինչպես նաև համատարած կոռուպցիայի համար: Բացի վերոնշյալ ֆորմալ պատճառներից, ԵՄ կողմից առաջադրված մեղադրանքների համար կարող է հիմք հանդիսանալ նաև դեռևս Օրբանի կուսակցության կողմից (մինչև իշխանության գալը) միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կոշտ դիրքորոշումը: Վերջինս մի օրինագիծ էր առաջ քաշել, համաձայն որի՝ ապաստան հայցողներին «ներգաղթը (անօրինական) խթանելու» պատրվակով աջակցություն ցույց տվողները (փաստաբաններ և ակտիվիստներ) քրեորեն պատժվելու էին, որն իհարկե ոչ միանշանակ ընդունվեց ԵՄ կողմից: Խորհրդարանում այս հարցին անդրադառնալով՝ Հունգարիայի ԱԳՆ նախարար Փիթեր Սիյարտոն ԵՄ-ի գործողություններն անվանել է «վրեժ հակամիգրացիոն քաղաքականության նկատմամբ», որի հետ համաձայնել են մի շարք խորհրդարանական ներկայացուցիչներ (այդ թվում` ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ): Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչների մեծամասնությունն աջակցել է Հունգարիայի կառավարությանը` պնդելով, որ ԵՄ-ի նման քայլը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի (ԵՄ խորհրդարանական` բրիտանացի Նիգել Ֆարաջը ԵՄ այս որոշումը համարել է «ավտորիտարիզմի դրսևորում»): ՄԲ-ն, թերևս, այսկերպ ակնկալում է ստանալ Հունգարիայի աջակցությունը «Բրեքսիթի գործընթացում»:

Ինչ վերաբերում է «Հոդված 7»-ով նախատեսվող պատժամիջոցների սահմանման գործընթացին, ապա պետք է ընդգծել, որ որ այն դեռևս առաջին փուլում է: Եվրախորհրդարանի 2/3-ը կողմ է քվեարկել այս գործընթացի մեկնարկին, սակայն մեղադրանքի հիմնավորման շուրջ փաստարկները դեռևս լիարժեք չեն, ուստի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի անդամ երկրների կառավարությունների 4/5-ի համաձայնությունը ԵՄ արժեքների ոտնահարման հստակ ռիսկերի առկայության վերաբերյալ: Հատկանշական է այն փաստը, որ «Հոդված 7»-ում ամրագրված չեն ո՛չ կանխարգելիչ հստակ միջոցները, ո՛չ էլ գործընթացի կազմակերպման հստակ ժամկետները, որոնք էլ ավելի անորոշ են դարձնում իրավիճակի հանգուցալուծումը: Այս պարագայում վաղ է խոսել Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու (երկրորդ փուլ) մասին, քանզի մինչ այդ ԵՄ խորհուրդը պետք է ստանա Եվրախորհրդարանի մեծամասնության 4/5-ի համաձայնությունը և միայն դրանից հետո ԵՄ խորհուրդը հիմնվելով հավաքագրված փաստերի վրա, պետք է որոշի, թե արդյոք ԵՄ հիմնարար արժեքների խախտումը լուրջ է և արդյոք այն մշտական բնույթ է կրում: Արդյունքում ԵՄ խորհուրդն ի զորու կլինի զրկելու Հունգարիային անդամության այնպիսի իրավունքից, ինչպիսին է ԵՄ խորհրդում ընտրելու իրավունքը, որի համար պահանջվում է ԵՄ խորհրդի 28 անդամ պետությունների ձայների բացարձակ մեծամասնությունը (կազմելով 72%): Սակայն, սա փոքր-ինչ անհավանական է, քանզի անդամ պետությունները կարող են օգտվել իրենց վետոյի իրավունքից:

Թե երբ և ինչի կհանգեցնի ԵՄ-ի կողմից Հունգարիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցները` դժվար է կանխատեսել, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իրողությունն իր բնույթով նախադեպային է, և ԵՄ անդամ որևէ երկրի նկատմամաբ նմանատիպ գործընթաց նախկինում չի եղել (անցյալ տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից բարձրացվել է Լեհաստանի դատական համակարգի բարեփոխումների հետ կապված խնդիրը, սակայն բավարար ձայների բացակայության պատճառով գործընթացը չի մեկնարկել, իսկ փաստերի հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է):

Ըստ էության, ԵՄ այս որոշումը պարզապես նախազգուշացում էր` ուղղված Հունգարիային, անուղղակիորեն նաև ԵՄ մյուս անդամներին, ուստի առավել քան հավանական է, որ անցումը երկրորդ փուլին տեղի չի ունենա, հաշվի առնելով այն հանգամանքը (ընդգծված «Հոդված 7»-ում), որ ամրագրված գործողությունների մի փուլը չի ենթադրում պարտադիր անցում հաջորդ փուլին: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլին անցումը, որը ենթադրում է պատժամիջոցների հնարավոր կիրառումը անդամ երկրի նկատմամբ` կհարվածի նաև սեփական վարկանիշին:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ԵՄ-ի այս որոշման համար առիթ հանդիսացավ Հունգարիայի կողմից ԵՄ հիմնարար արժեքների անտեսումը և քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, սակայն հնարավոր է, որ այս գործընթացի հիմքում ընկած են նաև այլ խորքային պատճառներ, ինչպես օրինակ՝ միգրացիոն քաղաքականությունում Հունգարիայի դիրքորոշումը, «Բրեքսիթի գործընթացին» հնարավոր աջակցությունը, ինչի համար էլ ԵՄ-ն «սթափեցնում է» Հունգարիային:

Գոհար Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]