Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո


ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով հետաձգել է իր աշխատանքային այցը ԱՄՆ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար : Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ընդգծեց, որ չի կարող առանց Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու  մեկնել արտերկիր՝ աշխատանքային այցով:

«Ես պետք է մեկնեմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և այնպես էր ստացվում, որ ոչ մի կերպ չէր հարմարվում. ինձ անընդհատ ասում էին՝ գրաֆիկը այնպիսին է, որ պետք է սեպտեմբերի 22-ին կամ սեպտեմբերի 21-ին գնալ։ Ես քվեարկելու համար ամեն ինչ հետաձգել եմ և դասավորել եմ այնպես, որ սեպտեմբերի 23-ի առավոտյան քվեարկեմ, ու  դրանից հետո մեկնեմ Նյու Յորք:  Ես նկատի ունեմ՝ այդ մի ձայնի կարևորությունը ընդգծելու համար»,- շեշտեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կոչ արեց սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամասեր և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին:

«Ես ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը այս քվեարկությունը այս աստիճան կարևորի, որովհետև դա լինելու է հեղափոխության քաղաքական ինստիտուտուցիոնալացման ամենակարևոր գործընթացը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ կա մտադրություն կազմակերպելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

«Արդեն կարող ենք հաստատել, որ Փաշինյանը սեպտեմբերին Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին: Կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, որոնց շարքում հնարավոր է նաև ԱՄՆ ղեկավարի հետ հանդիպումը»,- ասել էր Բալայանը:

Այդուհանդերձ, նա նշեց, որ չի կարող ասել, թե նման վերջնական պայմանավորվածություն ձեռք է բերվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ