Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

Հայաստանի պատմության նշանակալի փուլերը ներկայացնող ցուցանմուշներն ընդգրկվելու են «Մետրոպոլիտենի» ցուցահանդեսում


ԵՐԵՎԱՆ, 18  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում այս տարվա սեպտեմբերի 22-ին կբացվի «Հայաստան» (Armenia!) խորագրով ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշանակալի ցուցահանդեսում կներկայացվեն ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից, Մատենադարանից և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

«Ցուցահանդեսը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում` քրիստոնեության ընդունումից մինչև 17-րդ դարը: Ներկայացված կլինի 140 ցուցանմուշ. Հայաստանի պատմության թանգարանից` 34, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանից` 20, և Մատենադարանի թանգարանից` 28: Կլինեն նմուշներ, որոնք առաջին անգամ կներկայացվեն»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Նախարարն ասաց, որ ցուցանմուշներ են տրամադրել նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը,  Սուրբ Հակոբյանց Եկեղեցու եղբայրությունը, Մխիթարյան միաբանությունը, «Գալուստ Գյուլբենկյան» և այլ թանգարանները:

Մակունցն ընդգծեց, որ բացումից առաջ միջազգային լրատվամիջոցների համար կանցկացվի մամուլի ասուլիս, կլինեն նաև հարցազրույցներ, որոնք կմեծացնեն հետաքրքրությունը այդ խոշորագույն իրադարձության նկատմամբ:

«Հայաստանի պատմության թանգարանից ցուցադրության համար ընտրվել են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ:  Համոզված եմ, որ յուրաքանչյուր այցելու մի բացահայտում կանի` ծանոթանալով այդ ցուցանմուշներին»,- շեշտեց Գրիգոր Գրիգորյանը:

Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով` Մատենադարանը կներկայացնի ձեռագրեր, որոնք ստեղծվել են 5-18-րդ դարերում: «Ձեռագրերի մեծ մասն Ավետարաններ են. ներառվել են նաև  հայ միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ, Եղիշեի, Դավիթ Անհաղթի գրքերը: Բացի գեղեցիկ մանրանկարներից, կցուցադրվեն այնպիսի գործեր, որոնք ներկայացնում են պատմական անձանց` Գրիգոր Նարեկացուն, Գրիգոր Տաթևացուն և այլոց»,- ասաց Տեր-Ղևոնդյանը:

Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի կարծիքով՝ «Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդես անցկացնելը ոչ միայն մշակութային, այլև քաղաքական մեծ նշանակություն ունի: «Տրամադրել ենք բացառիկ մասունքներ, որոնք ներկայացված են եղել աշխարհի խոշորագույն թանգարաններում` Լուվրում, Վատիկանում, Էրմիտաժում: Հատկանշական է, որ բանակցությունների ժամանակ «Մետրոպոլիտենի» համակարգողներն են ցանկացել, որ իրենց թանգարանում ներկայանա  քրիստոնեական Հայաստանը»,- նշեց նա:

Ցուցահանդեսը համադրել է բյուզանդագետ դոկտոր Հելեն Էվանսը, որը երկար տարիներ աշխատել է Երևանում:

Այս խոշորագույն իրադարձության իրականացման համար Հայաստանի բյուջեից գումար չի ծախսվել: Ցուցահանդեսը կյանքի կկոչվի մի շարք բարեգործական ընկերությունների աջակցությամբ:

«Մետրոպոլիտեն» թանգարանում ցուցահանդեսը կգործի մինչև 2019 թվականի հունվարի 13-ը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ