Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ անկախության տոնի միջոցառման կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը. միջոցառումը կանցկացվի «Դու անկախ ես» կարգախոսի ներքո

ՀՀ անկախության տոնի միջոցառման կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը. 
միջոցառումը կանցկացվի «Դու անկախ ես» կարգախոսի ներքո

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված միջոցառումների կիզակետը լինելու է Երևանի Հանրապետության հրապարակը: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները հասանելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, իսկ ավտոմեքենաների համար կփակվեն: Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ընդգծելով, որ դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ որոշել են անկախության տոնին նվիրված միջոցառումների իրազեկման ասուլիսը կազմակերպել հենց Հանրապետության հրապարակում: «Ուզում եմ ասել, որ այս միջոցառումը իր տրամաբանությամբ լինելու է տարբերվող և աննախադեպ՝ իր սփռվածությամբ և ապակենտրոնացմամբ: Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն, լինելու են փակ ավտոմեքենաների համար: Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո: Սա շատ հստակ ուղերձ է: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, և ուղերձը հստակ հղվում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Աղաջանյանը:

Նա շեշտեց, որ «Դու անկախ ես» կարգախոսն ավելի քան համապատասխանում է օրվա խորհրդին: «դրանով իսկ մենք ուզում ենք ընդգծել այն պատասխանատվությունը, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի՝ գիտակցելով, որ ինքն անկախ է դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ներկայացնելով միջոցառման մանրամասները՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ միջոցառումը լինելու է ներառական բոլոր իմաստներով:   «Այն բեմերը, որոնք գործելու են դեպի հրապարակ տանող փողոցներում, ներկայացնելու են գրեթե բոլոր ոճերի երաժշտություն և ներառելու են մշակութային գրեթե բոլոր շերտերը: Եվ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից: Երևի, կհիշեք, որ կար հստակ արտիստների մի խումբ, որոնք օգտվում էին ինչ-որ չափով մենաշնորհից՝ ելույթ ունենալու պետության կողմից կազմակերպված միջոցառումներին: Այս անգամ մոտեցումը բոլորովին այլ է, և դուք կտեսնեք բոլորովին նոր, երիտասարդ, տաղանդավոր դեմքեր, ովքեր անմիջական ձևաչափի մեջ ելույթ կունենան Հայաստանի քաղաքացիների համար»,- ասաց նա:

Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է նաև ընդունելություն՝ կազմակերպված վարչապետի կողմից: «Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ ևս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- մանրամասնեց Էդուարդ Աղաջանյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]