Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սանկտ Պետերբուրգում ռուս հանրությանը կներկայացվի «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը

Սանկտ Պետերբուրգում ռուս հանրությանը կներկայացվի «Ռուսական հետքը 
Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Ռուսական թանգարանում հանրությանը կներկայացվի «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ պետական ծրագրի շրջանակում Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մշակել է «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը, որի նպատակն է ավելի գրավիչ դարձնել մեր երկիրը ռուս զբոսաշրջիկի համար:

«Շուկան իսկապես զարգանում է, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ՌԴ-ից Հայաստան ժամանած քաղաքացիների թիվն ավելի քան 18 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մեր խնդիրն է մեր երկիրը ռուս զբոսաշրջիկի համար հոգեբանորեն ավելի հարմարավետ դարձնել: Ասեմ, որ շատ անսպասելի արդյունքներ են բացահայտվել: Պարզվում է, որ ռուսական հետքը, իրոք, շատ հարուստ է»,-ասաց Արա Խզմալյանը: Խոսքը ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական ժառանգության մասին է. ռուսաբնակ գյուղեր են, տարբեր ճանապարհներ են, ուղիներ են, որոնցով անցել է ռուս մեծ բանաստեղծ Պուշկինը, ռուսական եկեղեցիներն են, Հայաստանի թանգարաններում պահվող ռուսական արվեստի նմուշներն են, Մատենադարանում պահվող սլավոնական ձեռագրերն են և այլն:

«Այսինքն՝ օգնում ենք ՌԴ-ից ժամանող անձին տեսնելու իր պատմության հայաստանյան էջը: Ցույց ենք տալիս մեր հոգատար վերաբերմունքը մեր հողի վրա գտնվող այլ մշակութային արժեքների հանդեպ: Թեպետ չեմ կարող չասել, որ կան պատմամշակութային հուշարձաններ, որոնք կարիք ունեն անհապաղ վերականգնման: Ամեն դեպքում սա առաջին նման միջոցառումն է, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում տեղի կունենա նախագծի շնորհանդեսը, որի շրջանակում  ներկայացնելու ենք Հայաստանն իր զբոսաշրջային գրավչությամբ»,-ասաց Արա Խզմալյանը: Նկարահանվել է նախագծի մասին պատմող տեսահոլովակ, հրատարակվել են տեղեկատվական բուկլետներ: Արա Խզմալյանի խոսքով՝ նախագծի դրական կողմն այն է, որ ռուս մարդը նույնիսկ առանց զբոսավարի ինքնուրույն կարող է անցնել այդ հետքերով, երթուղիներով, տեսնել Ռուսաստանի պատմության մասնիկները Հայաստանի հողի վրա: Այդ երթուղով անցնելիս ռուս զբոսաշրջիկն առնչվելու է հայկական զբոսաշրջային միջավայրի հետ:

Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ մինչ այս փորձագիտական արշավ է իրականացվել, որն էլ հիմք է դարձել հետագա քայլերի համար: Փորձագիտական խումբը հավաքագրել է փաստագիտական հարուստ նյութ, որը հետագայում համալրվել է, և որին տրվել է մարկետինգային տրամաբանություն: Զուտ փաստագիտական հիմքի վրա ձևավորված նյութը դարձել է մարկետինգային նյութ: Այժմ համապատասխան կառույցներն ակտիվ զբաղվում են «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային պրոդուկտի հանրայնացմամբ:

Ի դեպ, ծրագրի շնորհանդեսի համար որպես վայր Ռուսական թանգարանի ընտրությունը պատահական չէ: Նախկինում ներկայիս Ռուսական թանգարանն ու Ռուսաստանի ազգագրական թանգարանը նախկինում եղել են միասնական կառույց, որի տնօրենը 100 տարի առաջ նշանակվել է Ալեքսանդր Միլլերը: Նա 1916-1917 թվականներին՝ Հայոց ցեղասպանությունից հետո, գիտական արշավ է իրականացրել, Վանից, Վասպուրականից 1000-ից ավելի հայկական մշակույթի մասունքներ է բերել: Դրանց մի մասը պահվում է Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում, մի մասը՝ Ռուսաստանի ազգագրական թանգարանում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]