Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արցախի ԱԺ-ում տեղի են ունեցել մշտական հանձնաժողովների նիստեր


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է դրական եզրակացությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդգրկել լիագումար նիստի օրակարգ:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել Ազգային ժողովի Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արպատ Ավանեսյանի նախագահությամբ:

Օրակարգային առաջին հարցը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», ««Թափոնների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթն էր: Հարցի շուրջ հանձնաժողովի և կառավարության լիազոր ներկայացուցիչների միջև ծավալված քննարկումներից հետո, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաթեթը առաջին ընթերցմամբ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու հարցին:

Օրակարգի երկրորդ հարցը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր, կից օրենքների փաթեթով: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության տարածքից դեպի այլ պետություններ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացվող փոխադրումների կազմակերպման իրավական կարգավորման անհրաժեշտությամբ, տաքսամոտորային փոխադրումների իրականացման սուբյեկտ հանդիսացող անձանց միջև գործող անհավասար պայմանների վերացմամբ, ինչպես նաև համապատասխան գործունեության կատարմանը համարժեք հարկային պարտավորությունների գործածմամբ: Փաթեթը, նույնպես, հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվելու է լիագումար նիստի օրակարգում:

Նիստի օրակարգում էր նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է գյուղատնտեսության ոլորտի այգեգործության ճյուղի զարգացման համար օտարերկրյա ներդրողներին` որպես սեփականություն տրամադրել այն հողամասը, որի վրա գտնվում է նրա հիմնած արտադրական նշանակության այգին: Հանձնաժողովի դրական եզրակացություն է տվել նաև փաթեթը լիագումար նիստում քննարկելու հարցին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ