Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված գիտաժողովին


ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երևույթներ և Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման արարողությունը, որին մասնակցել է աշխարհի 16 երկրի 67 գիտնական։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության ներկայացուցիչներ։  «Միջազգային գիտաժողովները մեզ համար շատ կարևոր են՝ փորձի փոխանակման, նորույթը ներառելու և ներկայացնելու առումով:  Եվ այն միջոցառումը, որ նախատեսված է առաջիկա օրերին՝ կապված Վիկտոր Համբարձումյանի անվան հետ, կրկնակի պարտավորեցնող է: Մեծ գիտնականի անունը հաճախ ենք լսում արտասահմանյան ոչ միայն մասնագիտական, այլ նաև հումանիտար ոլորտի համաժողովների ընթացքում, որովհետև նրան մեր սահմաններից դուրս շատերն են ճանաչում: Եվ պատահական չէ, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, 1996 թվականից հռչակված է որպես աստղաֆիզիկայի օր»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս փաստը ևս շեշտում է այն դերը, որ Վիկտոր Համբարձումյանն ունեցել է մեր պետության և գիտության կյանքում:

«Գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է. եթե դու ցանկանում ես առաջընթաց և հայտնագործություններ ունենալ, ապա պետք է խիզախություն դրսևորես: Եվ մեր բոլոր գիտնականները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ, ունեցել են այդ խիզախությունը: Համբարձումյանը դրանով ևս աչքի է ընկել: Ես գիտեմ, որ ԽՍՀՄ-ի համար ծանր տարիներին ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում,  մեծ գիտնականը շարունակել է գործել, և սա լավագույն օրինակն է այն փաստի, որ պետության սոցիալական պայմաններն ամենևին էլ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ՝ գիտությամբ զբաղվելու, մեծ հայտնագործություններ անելու համար: Սա ամենևին չի նշանակում, որ պետությունը պետք է հոգ չտանի գիտության համար, բայց այս համադրումը պետք է անպայման ունենանք: Վերջերս մի հրապարակում էի կարդում այն մասին, երբ խորհրդային զորքերը մտել էին Չեխոսլովակիա, և աշխարհում խորհրդային որևէ ներկայացուցչի սուլոցներով էին դիմավորում, Վիկտոր Համբարձումյանի դասախոսություններն ու զեկույցները քար լռությամբ էին լսում, ինչը ևս խոսում է նրա մեծության մասին: Վերջինիս մասին է խոսում նաև այն փաստը, որ իր մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու և մրցանակը հանրայնացնելու համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ քննարկում:

Գիտաժողովը կազմակերպել են` ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Միջազգային աստղագիտական միության հարավարևմտյան ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային աստղագիտական կենտրոնը և Հայկական աստղագիտական ընկերությունը:   




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ