Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ

Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ

 ԳԱՎԱՌ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան գյուղում, Պանթեոնի հարակից տարածքում, կայացավ նորակառույց մանկական խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը, նույն թեմի առաջնորդարանի ներկայացուցիչներ, Ճամբարակ համայնքի ավագանու անդամներ:

Մինչ հանդիսության մեկնարկը՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին Վահան գյուղի Պանթեոնում, որտեղ հանգչում են Վահանի ինքնապաշտպանության եւ Արցախյան ազատամարտում զոհված հերոս հայորդիները: Բացման խոսքով հանդես եկավ Ճամբարակի ավագ դպրոցի ուսուցչուհի Հրածին Հարությունյանը: «Ընդամենը ամիսներ առաջ այս տարածքը ամայի դաշտ էր, բայց այժմ արդեն այն այլեւս բարեկարգ, մանուկների ամենօրյա աշխույժ ներկայությամբ, ուրախությամբ, խինդով ու եռուզեռով լցված խաղահրապարակ է, ժամանցի տրամադրող վայր: Եվ այս ամենը իրողություն դարձավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի անմիջական նախաձեռնության, գործադրած ջանքերի ու միջոցների շնորհիվ:

Ընդամենը երկուսուկես ամիս առաջ մարզպետի տված խոստումն այսօր դարձավ այնպիսի գործ, որն այսուհետ ծառայելու է վահանցի մանուկների առօրյա հաճելի ժամանցի կազմակերպմանը, կրթությանն ու դաստիարակությանը: Մանկական խաղահրապարակի կառուցման գործում իրենց ավանդը ներդրեցին նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը եւ սփյուռքահայ բարերար Մանուկ Չուխաճյանը: Ապրելով հայրենիքից հեռու՝ նրանք սիրահոժար աջակցեցին մանկական խաղահրապարակի կառուցմանը՝ իրենց նպաստը բերելով հայրենաշինության, հայրենի երկրի սահմանամերձ համայնքի զարգացման գործում: Եվ համահայկական այս կարեւոր ձեռնարկը խթան կհանդիսանա, որ վահանցիներն էլ ավելի ամուր կապվեն հայրենի եզերքին, արարեն ու պաշտպանեն հող հայրենին, ծնեն ու կառուցեն՝ երբեք չերկնչելով մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող թշնամուց: Ամուր է եղել վահանցու կյանքը, շատ ավելի ամուր կլինի այսուհետև, քանի որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն այլեւս անխախտ է եւ քայլ առ քայլ կյանքի է կոչում համահայկական իղձերի իրականացումը»,-նշեց բանախոսը՝ միաժամանակ համայնքի անունից մանկական խաղահրապարակի կառուցման նախաձեռնողներին ու բարերարներին հայտնելով իր շնորհակալական խոսքը: Մանկական խաղահրապարակի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, Ճամբարակի համայնքապետ վազգեն Ադամյանին եւ Կանադահայ թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Վերջինս կատարեց Օրհնության կարգ՝ խաղաղություն, երջանկություն մաղթելով հայոց աշխարհին, սահմանամերձ Ճամբարակ համայնքի, Վահան գյուղի մեծերին ու մանուկներին. «Հավատավոր հայորդիներ, ինձ համար մեծ պատիվ է լինել ձեր կողքին, ողջունել ձեզ, վայելել այս տոնական տրամադրությունը: Այսօր ես Վահան գյուղի մարդկանց մեջ կը տեսնեմ ուրախության մթնոլորտ, ժպիտ՝ մանուկներու դեմքերուն: Անշուշտ, գյուղի 130 երեխաները այս խաղահրապարակի շնորհիվ կունենան աշխույժ ժամանցի վայր, կմեծանան հայության շնչով, կզինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանն ու շենացմանը: Կանադահայոց թեմի համեստ ձեռնարկը կնպաստե, որ մեր երեխաներն ավելի անհոգ եւ ուրախ մեծնան այս հողի վրա, որի բերքը համեղ է եւ հպարտացնող: Թող Աստված կանգուն պահե այս հողը լուսերես այս մանուկներով, մեր քաջարի զինվորներով, մեր աշխատասեր այրերով: Հայ ժողովուրդը պիտի իր հողի վրա ապրի բարօր կյանքով»,-օրհնանքի խոսքեր հնչեցրեց Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանը: Ապա վահանցիներին ողջունեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Երբ այս տարվա հունիսին աշխատանքային այցով եղա Վահանում եւ խոստում տվեցի, որ վահանցի մանուկները կունենան մանկական խաղահրապարակ, այն ինձ առավել պարտավորեցրեց: Եվ ընդամենը օրեր անց, շնորհիվ Կանադայում բնակվող մեր հայրենակից Վահագն Կարագաշյանի, Կանադահայոց թեմի առաջնորդի, բարերար Մանուկ Չուխաճյանի, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի, ձեռնարկվեց խաղահրապարակի շինարարությունը: Սա ընդամենը մի համեստ խաղահրապարակ է, որը, սակայն, խորհրդանշում է հայրենիք-սփյուռք միասնությունը: Խաղահրապարակի տեղը պատահականորեն չի ընտրվել. այստեղ իրենց ուրախ ժամանակը կանցկացնեն հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհած հերոս հայորդիների թոռներն ու ծոռները, ովքեր հավերժ կհիշեն իրենց հերոս պապերին, կլցվեն անափ հայրենասիրությամբ:

Այս խաղահրապարակի կառուցմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել նաեւ վահանցիները՝ շինարարական աշխատանքները կատարելով անվճար: Իսկ այդ խնայված միջոցները մեզ նոր հնարավորություն են տվել, որպեսզի Ճամբարակ համայնքի մեկ այլ բնակավայրում կառուցենք հերթական մանկական խաղահրապարակը»,-նշեց Գեղարքունիքի մարզպետը: Իր երախտագիտությունը հայտնելով նախաձեռնողներին ու բարերարներին՝ զոհված ազատամարտիկի մայր Հասմիկ Սարիբեկյանը վստահեցրեց, որ վահանցիներն այս ձեռնարկից հետո էլ ավելի ամուր կփարվեն հայրենիքի պաշտպանության ու կառուցման սուրբ գործին: «Իմ որդին զոհվեց՝ որբ թողնելով 3 անչափահաս երեխաների: Նրանք հասակ առան, դաստիարակվեցին, դարձան հայրենիքի պաշտպաններ, ընտանիքներ ստեղծեցին, զավակներ ունեցան, ովքեր արդեն վայելելու են այս խաղահրապարակը, այստեղ են անցկացնելու իրենց ժամանցն ու հանգիստը: Իմ սիրելի ժողովուրդ, սա մեզ համար պարտավորեցնող ձեռնարկ է, որպեսզի մենք նոր եռանդով լծվենք հայրենաշինությանը եւ չերկնչենք թշնամուց»,-ներկաներին դիմեց Հասմիկ Սարիբեկյանը:

Հավաքվածներին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գեղարքունիքի մարզպետի դուստր Նարե Սաղաթելյանը, Վահանի միջնակարգ եւ ճամբարակի երաժշտական դպրոցների աշակերտները: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Վահանի մանկական խաղահրապարակի կառուցմանն աջակցելու համար շնորհակալագրով պարգեւատրեց Կանադահայոց թեմի առաջնորդ Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին, բարերար Մանուկ Չուխաճյանին, Ճամբարակի համայնքապետարանին:

Խաղահրապարակի տարածքում, ի թիվս ճոճանակների եւ այլ խաղամիջոցների, գործելու են նաեւ վոլեյբոլի ու մինի ֆուտբոլի դաշտեր:

Հանդիսության ավարտից հետո մարզպետ Իշխան Սաղաթելյանը և սփյուռքահայ հյուրերն այցելեցին ՀՀ ԶՈւ Վահանի զորամաս, որտեղ զրույց ունեցան Հայոց բանակի զինծառայողների հետ, մասնակցեցին զինվորներից մեկի ծննդյան օրվա առթիվ տրված զինվորական ճաշկերույթին: Ապա Իշխան Սաղաթելյանը Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Կանադահայոց թեմի առաջնորդի եւ առաջնորդարանի ներկայացուցիչների հետ այցելեց Թթուջուր գյուղ՝ դիտարկելու այն տարածքը, որտեղ առաջիկայում նույն բարերարների աջակցությամբ կկառուցվի հերթական մանկական խաղահրապարակը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]