1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քառօրյա պատերազմի զոհերի մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Քառօրյա պատերազմի զոհերի մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկնոջ «Կանայք` 
հանուն խաղաղության» նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մայրերը միանում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` «Կանայք` հանուն խաղաղության» նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 15-ին Աննա Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայր Համեստ Ներսիսյանը:

«Կոչ ենք անում, որպեսզի լռեն աշխարհի բոլոր մահագույժ հրամանները։ Աշխարհում բոլոր մայրերը մերժում են պատերազմը։ Ողջունում և միանում ենք Աննա Հակոբյանի նախաձեռնությանը` միասնական կոչ անելով աշխարհի բոլոր մայրերին` պայքարել հանուն խաղաղության»,- ասաց Համեստ Ներսիսյանը:

Աննա Հակոբյանի խոսքով` ինքն ավելի վստահ կշարունակի իր արշավը` թիկունքին ունենալով զոհված տղաների մայրերի համաձայնությունը: «Առաջին անգամ այս նախաձեռնության մասին խոսեցի Մոսկվայում: Արդեն Փարիզում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, ինձ մեղադրող հարց հնչեց, թե ինչպես այս նախաձեռնությանը կվերաբերվեն քառօրյա պատերազմի ընթացքում զոհվածների մայրերը։ Ես ավելի վստահ եմ տանելու արշավը` իմ թիկունքին ունենալով ձեր համաձայնությունն այս արշավին միանալու։ Մենք մինչև մեր կյանքի վերջ պարտական ենք ձեզ, քանի որ անհերքելի փաստ է, որ ապրիլյան պատերազմի հանգուցալուծումը եղավ ձեր որդիների շնորհիվ»,- ասաց նա:

Վարչապետի տիկինը կարևորեց նաև այն ուղերձը, որն ուղղված է ադրբեջանցի մայրերին, ովքեր նույնպես դեմ են պատերազմին: «Դուք մեծ ծառայություն եք մատուցում այն մայրերին, ում որդիների կյանքը դեռ հնարավոր է խնայել։ Պատահական չէ, որ հենց ձեր որդիներն են հերոսացել քառօրյա մարտերում։ Հենց այսպիսի մայրերից կարող էին ծնվել հերոս տղաներ։ Շատ կարևոր է ձեր ուղերձը, որն ուղղված է ադրբեջանցի մայրերին, այդ ուղերձի համար քաջություն է պետք, որը դուք ունեք։ Մայրությունը չի ճանաչում ազգություն, կրոն, մաշկի գույն։ Մայրությունը ճանաչում է միայն անսահման սեր ու փաղաքշանք։ Ես հույս ունեմ, որ ձեր և մեր ձայնը կհասնի նաև ադրբեջանցի մայրերին, նրանք նույնպես կխոսեն ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության: Այդ դեպքում մեր խոսքը մի օր կհասնի նաև կրակի հրաման տվող տղամարդկանց։ Խոստանում եմ, որ ամուր և վճռական կլինեմ այս արշավը վարելիս»,- նշեց Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկինը նշեց, որ իրենց այս կոչը թուլության նշան չէ և, խաղաղության չհասնելու դեպքում, ինքը պատրաստ է զենքը ձեռքին կանգնել սահմանին:  «Մենք քարոզում ենք որպես մայր, ոչ թե որպես պետություն։ Հայաստանում երկու օր առաջ զորավարժություններ էին, որոնք խաղաղություն չեն ենթադրում։ Կամ մենք կհաղթենք և մարդավարի կնստեն բանակցությունների սեղանի շուրջ ու կլուծեն այս հարցը, կամ կպարտվենք, ու նորից կշարունակեն կրակել։ Առայժմ որևէ լուր չունեմ սահմանի այն կողմից։ Եթե մենք չհասնենք խաղաղության, ես ինքս եմ պատրաստ զենք վերցնել և գնալ մեր հայրենիքը պաշտպանելու։ Խոստանում եմ ամեն ինչ անել, որ հակառակ կողմը մեր նախաձեռնությունը թուլության նշան չընկալի»,- նշեց Հակոբյանը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]