Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

ՀՀ վարչապետն Ամուլսարի հարցով միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացության անհրաժեշտություն է տեսնում


ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Փարիզում «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ հանդիպումից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում ասել է, որ Հայաստանի կառավարության վերջնական որոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա: «Ցավոք, հունիսի վերջերին կամ հուլիսի սկզբին, երբ ես Ջերմուկում էի, ես ընկերությանն առաջարկեցի համագործակցել, որպեսզի կարողանանք փաստերի շուրջ եզրակացության գալ, բայց նրանք մերժեցին, և մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ անհրաժեշտ է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն: «Ես կարծում եմ, որ մենք պետք է երկու հարցի պատասխան ստանանք: Որքանով է նախագիծն անվտանգ Սևանի համար, և որքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար»,- մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է համաձայնվեն այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել-չշահագործելու հարցը կապված է հենց վերը նշված խնդիրների հետ: «Եթե պարզվի, որ նախագիծն անվտանգ է Սևանի համար, ինչպես նաև Ջերմուկի ջրերի և ջրային ավազանի համար, մենք, հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, մենք հնարավորություն կտանք, որպեսզի հանքը շահագործվի:  Եթե պարզվի, որ Սևանի կամ Ջերմուկի ջրահավաք ավազանի համար վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք»,- եզրափակեց վարչապետը:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում իր կեցավայրում ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագաh Գորդոն Ուայլին և խորհրդի անդամ Ջուլիան Դեյվիդսոնին: Հանդիպման ընթացում քննարկվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը և դրա լուծման հնարավոր ուղիները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ