Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ԱՀ խորհրդարանում ընդունել են Ժիլբեր Լյուկ Դըվինազին


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազը:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  բարձրաստիճան հյուրին նախ ընդունել է խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Կարևորելով ֆրանսիացի սենատորի այցը Արցախ Երևանում Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի նախօրյակին՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի հետ տարիների ընթացքում հաստատված բարեկամական հարաբերությունները տարեց տարի զարգանում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժիլբեր Լյուկ Դըվինազը նշել է, որ Հայաստան է ժամանել ֆրանսիական պատվիրակությամբ կազմում և չէր կարող չօգտագործել առիթը նաև Արցախում լինելու համար: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականը ներկայացրել է Հայաստանում ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է խորհրդարանի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում արծարծվել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններին և առկա ներուժին, Արցախում ֆրանկոֆոնիայի հետևողական զարգացմանը և այս բնագավառում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ