Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

ԱՀ խորհրդարանում քննարկել են 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 14-ին ԱՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2019-2021թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծի քննարկումը, որին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, խմբակցությունների պատասխանատուներ, գլխադասային հանձնաժողովի անդամներ և գործադիր իշխանության ներկայացուցիչներ` ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, անդրադառնալով 2019-2021թթ. նախատեսվող մակրոտնտեսական ցուցանիշներին, նշել է, որ ՀՆԱ-ն 2019թ. կկազմի՝ 333,2մրլդ դրամ, 2020թ.՝ 367մլրդ դրամ, 2021թ՝ 404,2մլրդ դրամ:

Բյուջեի սեփական եկամուտները 2019-2021թթ.կանխատեսվում են՝  56, 68 և 70մլրդ դրամ համապատասխանաբար:

Բյուջեի ծախսային մասը կկազմի՝ 2019թ.՝ 110,7մլրդ դրամ, 2021թ.՝ 111մլրդ դրամ, 2021թ. 112,6 մլրդ դրամ: Ֆինանսների նախարարի հավաստմամբ՝ նշված ժամանակահատվածում նախատեսվում է ունենալ պրոֆիցիտով բյուջե:

Շարունակելով միջնաժամկետ ծախսային ծրագրի ներկայացումը՝ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը մատնանշել է սպասվող փոփոխությունները՝ ըստ ոլորտների: Մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման համակարգի, ինչպես նաև, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման աճը, բարեկարգման և աղբահանության աշխատանքների իրականացման նպատակով շրջաններին աջակցության ավելացումը, ստորգետնյա ջրային պաշարների ուսումնասիրման և կապիտալ ներդրումների ավելի մեծ ծավալների ֆինանսավորումը: Պետնախարարի խոսքով նախատեսվում է նաև հարկային եկամուտների աճ, իսկ հիմնական շեշտադրումները լինելու են գյուղատնտեսության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման ուղղությամբ:

«2018թ.-ը կանխատեսվում է ամփոփել  ՀՆԱ ավելի քան 300մլրդ դրամ ցուցանիշով, նախատեսված 291մլրդ-ի փոխարեն»,- նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Պատգամավորները գործադիրի ներկայացուցիչներին են առաջադրել նվազագույն աշխատավարձի չափի և կենսաթոշակների ավելացմանը, ծնելիության խթանման ծրագրերին, գյուղատնտեսության համակարգում բնական աղետների վնասների նվազեցմանն ուղղված ծրագրերի ներդնմանը վերաբերող հարցեր:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ