1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հասան Ռուհանիի` Նյու Յորք նախատեսվող այցի նշանակությունը

Հասան Ռուհանիի` Նյու Յորք նախատեսվող այցի նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը պատմական նշանակութուն ունեցավ Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Իսլամական հեղափոխությունից ի վեր առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը: Հասան Ռուհանիի և Բարաք Օբամայի հեռախոսազրույցից առաջ ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպել էին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Ջոն Քերին և Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձևավորված շփումները և դրանց հաջորդած բանակցությունները հանգեցրին միջուկային ծրագրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագրի ստորագրմանը:

Օբամայի վարչակարգի օրոք Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը ոչ միայն նպաստեց տարածաշրջանում լարվածության թուլացմանը, այլ նպաստավոր պայմաններ ստեղծեց համագործակցելու միջուկային համաձայնության շրջանակներում:

Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սակայն նշանակալի փոփոխություններ տեղի ունեցան Միացյալ Նահանգների մերձավորարևելյան քաղաքականության մեջ: Վաշինգտոնը ոչ միայն վերանայեց Իրանի նկատմամբ քաղաքականությունը, այլև դուրս եկավ միջուկային համաձայնությունից՝ վերականգնելով Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, որոնց մի մասն առաջին փուլում արդեն ուժի մեջ է մտել, իսկ երկրորդ փուլը կսկսվի նոյեմբերի 5-ից:

Այս տարի ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի մասնակցության հարցը տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել Իրանի ներքաղաքական կյանքում: Պահպանողական հայտնի «Kayhan» օրաթերթի խմբագիր Հոսեյն Շարիաթմադարին իր սյունակում կարծիք է հայտնել, որ ի պատասխան Թրամփի՝ վերջին ամիսներին Իրանի նկատմամբ արած քայլերին, Ռուհանին չպետք է մասնակցի ՄԱԿ-ի ԳԱ նիստին:

Իրանի Փորձագետների խորհրդի 92 ամյա նախագահ Ահմադ Ջանաթին էլ, անուղղակիորեն քննադատելով Հասան Ռուհանիին, նշել է, թե՝ «Ոմանք գնում են Նյու Յորք, որ հանդիպեն Թրամփի հետ»:

ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հասան Ռուհանին Նյու Յորք կմեկնի սեպտեմբերի վերջին՝ չհստակեցնելով օրը: Վաեիզին միևնույն ժամանակ իր տարակուսանքն է հայտնել Ջանաթիի հայտարարության առնչությամբ՝ նշելով, որ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում Իրանի նախագահի հանդիպումներն օգտակար են, քանի որ դրանց ընթացքում քննարկվում են ԻԻՀ արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն ունեցող հարցեր:

Ամեն տարի սեպտեմբերին Իրանի նախագահի՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցելու հարցը հայտնվում է Իրանի հասարակական-քաղաքական դիսկուրսում:

Թեև Իրանի խորհրդարանական և նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, Իրանի քաղաքական խմբերն արդեն նախապատրաստվում են ընտրություններին, հետևաբար Հասան Ռուհանիի կառավարության արտաքին և ներքին քաղաքականությանն ուղղված նրանց քննադատությունը պետք է դիտարկել այդ հարթության մեջ. նյույորքյան այցի նպատակահարմարության հարցի քննարկումը ևս այդ նպատակով է տեղի ունենում:

Վերջին ամիսներին Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ միմյանց հասցեին ուղղված մեղադրանքների և սպառնալիքների հետևանքով երկու երկրների հարաբերություններում լարվածությունը հասել է գագաթնակետին, մյուս կողմից «4+1 խումբը» դեռ վերջնականապես չի հստակեցրել, թե նոյեմբերի 5-ից հետո ինչ դիրքորոշում է ունենալու միջուկային համաձայնության հարցում: Դրանց գումարած՝ Իրանի ներսում էլ իրավիճակը զգայուն է, և իշխանություններին մեծ դժվարությամբ է հաջողվում ապահովել կայունությունը:

Հետևաբար Հասան Ռուհանիի՝ Նյու Յորք կատարելիք այցը հնարավորություն կընձեռի ոչ պաշտոնական մակարդակում բանակցություններ վարել «4+1 խմբի» անդամների հետ, մյուս կողմից, հաշվի առնելով լարված իրավիճակներում ԱՄՆ պաշտոնյաների հետ (գաղտնի) հանդիպելու արտգործնախարար Զարիֆի փորձը՝ մեծ է հավանականությունը, որ իրանական կողմը տարբեր ձևաչափերով հանդիպումներ կարող է ունենալ ամերիկյան կողմի հետ, առավել ևս, որ Դոնալդ Թրամփը սկզբունքորեն չի էլ մերժել դրա հնարավորությունը:

Բացի վերոնշյալ հանդիպումներից՝ նոյեմբերի 5-ին սպասվող ամերիկյան պատժամիջոցներին ընդառաջ՝ Իրանը կարիք ունի ձեռք բերելու նոր գործընկերներ, որոնք առկա լարված իրավիճակում ոչ միայն կարող են քաղաքական աջակցություն ցուցաբերել Իրանին, այլև այդ երկրների միջոցով Իրանը հնարավորություն կունենա կազմակերպել իր արտաքին առևտուրը: 

Արմեն Իսրայելյան, իրանագետ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]