Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

#CultTalk. Երաժշտությունը` կյանքի հիմք. «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյան  

#CultTalk. Երաժշտությունը` կյանքի հիմք. «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյան

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա կյանքում բացառիկ դեր է խաղացել մայրը, ով երաժշտության նկատմամբ սեր է սերմանել և մշտապես աջակցել է իր տղային: ՀՀ վաստակավոր արտիստ ջութակահար Նիկոլայ Մադոյանի կայացման գործում կարևոր դեր խաղացած երկրորդ մարդը նրա ուսուցիչն էր` հայտնի մանկավարժ Զախար Բրոնը, ով 13-ամյա պատանուն լսելուն պես նրան հրավիրել է Նովոսիբիրսկ` իր մոտ սովորելու: Տարիներ անց Մադոյանը, ով արդեն «Գինեսի» ռեկորդակիր է ու համաշխարհային ճանաչում վայելող անուն, սիրով ու ջերմությամբ է վերհիշում իր կյանքում կարևոր դեր խաղացած այս երկու մարդուն:

Սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անվանի ջութակահարի մասնակցությամբ կկայանա համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: «Արմենպրես»-ի #CultTalk նախագծում Նիկոլայ Մադոյանը պատմում է առաջիկա համերգի, կյանքում կարևոր դեր խաղացած մարդկանց, «Գինեսի» ռեկորդի ու սեփական հաղթարշավի մասին:

Վիվալդին ու Մադոյանը

Սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգամ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ` դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, բոլորն այն գիտեն, ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը:

Համերգը նվիրված է մեր երկրի անկախության 27-ամյակին: Կարծում եմ, անկախությունը մեր ամենամեծ ձեռքբերումն է… Կամերային նվագախմբի հետ բազմիցս համագործակցել ենք, շատ բարձր կարծիքի եմ նվագախմբի մասին, այստեղ հանդես են գալիս պրոֆեսիոնալ երաժիշտներ: Վիվալդիի այս գործը դեռ Արամ Ղարաբեկյանի ղեկավարման տարիներին ենք ներկայացրել: Այս անգամ ելույթ եմ ունենալու Կարեն Դուրգարյանի հետ: Նրա հետ առաջին անգամ պատմության մեջ մեկ երեկոյի ընթացքում նվագեցինք Պագանինիի վեց կոնցերտները:

Պագանինին և «Դյուցազնագիրքը»

2014-ին 3 ժամ 25 րոպեում նվագեցի Պագանինիի 6 կոնցերտները: Պագանինիի գործերն աշխարհի ամենաբարդ ստեղծագործություններն են, ջութակահարները սովորաբար ամեն համերգին երկու գործից ավելի չեն նվագում: Ես նվագել եմ առանց նոտաների: Դրա համար ընդգրկվեցի «Դյուցազնագրքում», ինչպես նաև դարձա «Գինեսի» ռեկորդների գրքի հավակնորդ: Քանի որ մինչ այդ որևէ երաժիշտ մեկ համերգի ընթացքում չէր կատարել այդ բոլոր գործերը, «Գինեսի» ռեկորդների գրքի կազմկոմիտեն չուներ հնարավորություն իմ ելույթը համեմատելու այլ արտիստի ելույթի հետ: Նախադեպը դեռ չկար:

«Գինեսի» ռեկորդը

2017 թ. փետրվարի 11-12-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան նվագեցի տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների  59 ստեղծագործություն, ինչի համար էլ ճանաչվեցի «Գինեսի» ռեկորդակիր: Ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն եմ ունեցել, նվագել եմ առանց սնվելու, մեղրաջուր խմելով. երաժշտությունն էր ինձ սնում:

Հետաքրքիր համագործակցություններ

Հոլանդիայում` Ամստերդամում տարիներ առաջ` 90-ականներին բարեգործական համերգ էր կազմակերպվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, որին մեր ելույթները ներկայացնում էր հանրահայտ դերասանուհի Օդրի Հեփբըրնը: Համերգային երեկոյին մասնակցում էին նաև երգիչներ Խուլիո Իգլեսիասը, Պատրիսիա Կաասը: Ես համերգին նվագում էի Մասնեի «Մեդիտացիա» ստեղծագործությունը:

Մեկ այլ հետաքրքիր համագործակցություն էլ հիշեցի: 16 տարեկան էի: Ճապոնիայում դաշնակահար Եվգենի Կիսինի հետ ենք նվագել, Միխայիլ Գորբաչովն էր ներկա համերգին: Ես Չայկովսկու Ջութակի կոնցերտը, Կիսինը` Դաշնամուրի կոնցերտն էր նվագում:

Զախար Բրոնն ու վունդերկինդների դասարանը

13 տարեկան էի, երբ Զախար Բրոնը եկավ Հայաստան: Իմ նվագը լսեց, առաջարկեց ուսումս շարունակել Նովոսիբիրսկում: Մայրիկիս հետ մեկնեցինք այնտեղ: Մայրս բացառիկ դեր է ունեցել իմ կյանքում, միշտ աջակցել է ինձ, ինքն իրեն զոհաբերել է հանուն ինձ:

Զախար Բրոնի մոտ յուրահատուկ մթնոլորտ էր տիրում: Սովորում էի վունդերկինդների դասարանում: Մեկս մյուսից էներգիա էինք քաղում, առողջ մրցակցություն էր տիրում: Երաժշտությունը մեր կյանքի հիմքն էր: Հիմա էլ է այդպես: Այդ տարիներին տարբեր մրցույթների եմ մասնակցել, Չայկովսկու անվան մրցույթը շահեցի, հետո դարձա Գեորգ Կուլենկամպֆի անվան ջութակահարների միջազգային մրցույթի հաղթող:

...Ես հիմա շատ հաճախ վարպետության դասեր եմ տալիս, աշխատում եմ իմ բոլոր նվաճումները, գիտելիքները փոխանցել նոր սերնդին, ինչպես իմ ուսուցիչներն էին նախկինում ինձ օգնում ու աջակցում:

Երաժշտության մատուցման մակարդակը

Դասական երաժշտության ոլորտում կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչպես ես մատուցում երաժշտությունը: Շատ կարևոր է մատուցվող երաժշտության մակարդակը, այն պետք է բարձր լինի: Եվ այս առումով արտիստը շատ կարևոր դեր է խաղում:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]