Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

«Երևանյան բեսթսելեր». «Մանյունյա» գիրքն առաջին հորիզոնականում է. թարգմանական գրականություն. օգոստոս, 2018


ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է օգոստոսի վաճառքների հիման վրա:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը, որի թարգմանությունն իրականացրել է Նարինե Գիժլարյանը: Այն լուսավոր, արևով ու հայկական համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին:

Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը երկրորդ հորիզոնականում է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաշարժ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավորը» 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից: Թարգմանիչն է Ալինա Միրզոյանը:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» երրորդ հորիզոնականում է: Այն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է ԱՄՆ-ում 1945 թվականին։ 
…1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր բնակիչներին: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

Չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Հինգերորդ հորիզոնականում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը: Այն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում: Թարգմանությունը՝ Արտաշես Էմինի:

Վեցերորդ հորիզոնականում Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գիտաֆանտաստիկ երկն է: Սկզբնապես այն գրվել է որպես պատմվածք հրատարակվել է «The Magazine of Fantasy & Science Fiction» ամսագրի 1959 թվականի ապրիլյան համարում։ Արժանացել է «Հյուգո» մրցանակի որպես լավագույն գիտաֆանտաստիկ պատմվածք։ Հետագայում Քիզը լրացրել է այն՝ դարձնելով ամբողջական վեպ, որը ստացել է «Նեբյուլա» մրցանակը՝ որպես 1966 թվականի լավագույն վեպ։ Թարգմանիչն է Հայկ Ֆելեքյանը:

Յոթերորդ հորիզոնականում Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպն է: Այն  պատմություն է պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ այս ընկերները ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները և ճակատագրերը շատ նման են իրար: Գիրքը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Թարգմանիչ՝ Վանուհի Բաղմանյան:

Ութերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» վեպն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչն է Արա Առաքելյանը:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» հանրահայտ ստեղծագործությունը իններորդն է: Այն Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհում ամենաընթերցվող գրքերից։ Առաջին անգամ լույս է տեսել 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Թարգմանությունը՝ Ռիմա Խաչատրյանի: 

Տասներորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Դեմիան» վեպն է: Էմիլ Զինքլերը մեծացել է միջին խավի ընտանիքում: Էմիլի ողջ գոյությունը նման է երկու աշխարհների միջև պայքարի.մի կողմից՝ պատրանքի, մյուս կողմից՝ հոգևոր աշխարհները բախվում են իրար: Թարգմանությունը՝ Աշոտ Ալեքսանյանի:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 66
2 *

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Էդիթ Պրինտ 34
3 +3

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Հաղթական կամարը»

Էդիթ Պրինտ 28
4 -3

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»  

Անտարես 27
5 *

Ջորջ Օրուել

«Անասնաֆերմա»

Անտարես 26
6 -4

Դենիել Քիզ

«Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Անտարես 25
7 0

Էրիխ Մարիա Ռեմարկ

«Երեք ընկեր»

Էդիթ Պրինտ 24
8 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 24
9 -5

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 21
10 նոր

Հերման Հեսսե

«Դեմիան»

Քյուրքչյան 20



Այս թեմայով

... վերջին լուր "Երևանյան բեսթսելլեր" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ