Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում

«Երկիր Ծիրանի»-ն քարոզարշավ է իրականացրել  Շենգավիթ վարչական շրջանում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել են Շենգավիթ վարչական շրջանում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին  «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից,  պատասխանելով լրագրողների հարցերին՝ Զարուհի Փոստանջյանը շրջեց մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարակից տարածքներում, որտեղ աշխատող կրպակատերերը, փողոցային առևտրով զբաղվողները և անցորդները ողջունում և հաղթանակ էին մաղթում «Երկիր Ծիրանի»-ի նախագահին:

Զարուհի Փոստանջյանը համայնքի կենտրոնական և հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով քայլեց և քաղաքացիներին ներկայացրեց կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթները, «Արդարություն և օրենք» կարգախոսը՝ վստահեցնելով, որ գալիս է ծառայելու Երևանին և երևանցիներին: Նա պատասխանեց բազմաթիվ քաղաքացիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աղբահանության, տրանսպորտի, առողջապահության, սոցիալական խնդիրներին և աշխատատեղերի ստեղծմանը:

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը քարոզչական խմբի հետ եղավ «Կարմիր բլուր» հնավայրում, որտեղից ուղերձ հղվեց հանրությանը, որ քաղաքապետ ընտրվելու պարագայում Զարուհի Փոստանջյանը լիովին կօգտագործի ինչպես մյուս մշակութային օջախների, այնպես էլ «Կարմիր բլուր» հնավայրի ներուժը, որը կդառնա թե՛ գիտական ու կրթական, և թե՛ մշակութային ու զբոսաշրջության կենտրոն: Երևանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ բարձունքից տեսանելի են մեր երկու հզորությունները՝ Արարատն ու Արագածը, և նրանցից ստացած ուժը պետք է փոխանցենք մեր քաղաքի ապագա կառուցմանը: Ապա ցույց տալով, որ թիկունքում գտնվում է Եռաբլուրը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանում հանգստությամբ ամփոփված Զորավար Անդրանիկը և մեր մյուս հերոսները մեզ պարգևեցին անկախություն և ազատագրված Հայաստան, սակայն առջևում դեռ ունենք մեծ կռիվ և Մեծ Ազատագրում...

 Զբոսաշրջության և մշակութային կարևոր հանգրվան կարող է լինել նաև Հրազդան գետի ժայռերի ստորոտով և երկայնքով կառուցված Ումեշինի ջրանցքը և հարակից տարածքները: Ջրանցքը կառուցվել է ուրարտական Ռուսա Բ արքայի կողմից: Այն կարևոր կենսական նշանակություն է ունեցել՝ ոռոգել է տարածքի դաշտերն ու այգիները և ջուր է մատակակարել Թեյշեբաինի ամրոցին: Ջրանցքն օգտագործվել է նաև խորհրդային տարիներին, կառուցապատումներն այժմ էլ տեսանելի են: Ջրանցքը ներկայումս բավական վատ վիճակում է, վերածվել է աղբավայրի, մինչդեռ առկա են կարևոր լանդշաֆտ և քարանձավներ, որոնք կարող են պատմահնագիտական կարևոր արժեք և բացահայտումներ ունենալ:

 Այնուհետև Զարուհի Փոստանջյանը ներկայացնելով Հրազդանի կիրճի տեսարանը, որն աղբավայր է հիշեցնում, առկա են աղբի մեծ կուտակումներ՝ նշեց, որ քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս նաև այս աղբակույտերն է վերացնելու, իսկ բնության հրաշալի վայր հանդիսացող Հրազդանի կիրճը պետք է պահպանել, այլ ոչ՝ վայրագ կառուցապատման և աղտոտման միջոցով վերացնել:

Շարունակելով քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եղավ Չարբախի փոս, Նորագավիթ և Աէրացիա թաղամասերում: Շրջելով բոլոր փողոցներով և բակերով՝ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ջերմ ու անկեղծ զրույցի էր բռնվում  քաղաքացիների հետ և ներկայացնում իր անելիքները՝ քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս: Հատկապես կարևորվում էր Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսումը և բաց ու թափանցիկ կառավարման հանրային ինստիտուտի ներդնումը:

 «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այցելեց նաև Շենգավիթ վարչական շրջանի այլ թաղամասեր ևս, որոնցում նույնպես արժանացավ բնակիչների հաղթանակի մաղթանքներին: Ընդհանուր առմամբ՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն այսօր շուրջ 6 ժամ շրջեց Երևանի ամենամեծ վարչական շրջան հանդիսացող Շենգավիթ համայնքում և զրուցեց հարյուրավոր քաղաքացիների հետ, որոնց բոլորին ներկայացվեցին և բաժանվեցին կուսակցության քարոզչական նյութերը:

Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Շենգավիթ վարչական շրջանի Մովսես Գորգիսյանի անվան այգում Զարուհի Փոստանջյանը հավաք-հանդիպում կանցկացնի քաղաքացիների հետ, որից հետո կցուցադրվի «Նա այլ կերպ չէր կարող. Զարուհի Փոստանջյանի ճանապարհը» ֆիլմը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]