Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պրոֆեսոր Ֆայվուշի կարծիքով, Ամուլսարի տարածքում ոչնչացող բույսեր չեն աճում

Պրոֆեսոր Ֆայվուշի կարծիքով, Ամուլսարի տարածքում ոչնչացող բույսեր չեն աճում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի, երկրաբուսաբանության բաժնի վարիչ Գեորգի Ֆայվուշը վստահ է, որ Ամուլսարի այն վայրերում, որտեղ պետք է իրականացվեն հորատման աշխատանքները, «Կարմիր գրքում» գրանցված որևէ բույս այս պահին չկա: Այնտեղ աճել է մատնունի ծիրանավոր տեսակի բույսը, սակայն դրանք տեղափոխել և վերատնկել են այլ վայրում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենս. գիտ. դոկտոր պրոֆեսոր Ֆայվուշը 2011 թվականից զբաղվում է Ամուլսարի տարածքի ուսումնասիրությամբ: Ոչ բարենպաստ եղանակի պատճառով հետազոտական աշխատանքները սկսվել են 2012 թվականի գարնան, ամռան ամիսներին:

«Մինչև դաշտային ուսումնասիրություններ սկսելը մենք նայեցինք մեր մեծ հերբարիումը, որտեղ հավաքված էին բույսեր Հայաստանի ողջ տարածքից: Ստուգեցինք և տեսանք, որ Ամուլսարի տարածքում չկան, չեն աճում հազվագյուտ բույսեր, որոնք գրանցված են «Կարմիր գրքում»: Ձմռանը տվեցինք մեր նախնական եզրակացությունը. «Գրականությունից և հերբարիումից Ամուլսարի տարածքում ոչ մի տվյալ չկա, և անհրաժեշտ է իրականացնել այդ տարածքում լիակատար և բազմակողմանի հետազոտություններ բուսաբանական տեսանկյունից»: 2012 թ. գարնան, ամռան ամիսներին սկսեցինք իրականացնել այդ աշխատանքները:  Երեք տարի անընդմեջ՝ 2012-2014 թթ. տարվա բոլոր վեգետացիոն շրջաններին, մենք այնտեղ ենք եղել»,- ասում է Գեորգի Ֆայվուշը:

Պրոֆեսորը նշում է, որ մինչև իր խմբի Ամուլսար գնալը, այնտեղ արդեն աշխատում էր Հայկական բուսաբանական ընկերության նախագահ, Բուսաբանության ինստիտուտի աշխատակից, կենս. գիտ.  դոկտոր պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը: Նրա գործընկերներն արդեն գտել էին բույսի մի տեսակ, որը գրանցված էր «Կարմիր գրքում»: «Մենք մանրամասնորեն հետաքրքրվեցինք այդ բույսով, նայեցինք, թե որտեղ և ինչպես է այն աճում: Բույսը՝ մատնունի ծիրանավորն է: Այդ հանգամանքը խոչընդոտ հանդիսացավ, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չէր կարող շարունակել աշխատանքները. ըստ օրենքի՝ այդ դեպքում այլևս չի կարելի աշխատել այդ տարածքում»,- պատմում է Ֆայվուշը: 

Այնուհետև «Լիդիան Արմենիա» ընկերությունը սկսել է մշակել մի ծրագիր այդ բույսի՝ մատնունի ծիրանավորի պահպանման համար: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մատնունի ծիրանավորը այս տարածքում ունի մոտավորապես 5 000 առանձնյակ: Դա շատ փոքր բույս է՝ ունի փոքր, վարդագույն ծաղիկ, աճում է բարձրլեռնային կլիմայական պայմաններում՝ քարքարոտ լանջերին և քարացրոններում:  Հետազոտությունների արդյունքում պարզվում է՝ այն տարածքում, որտեղ պետք է «Լիդիան Արմենիա» ընկերությունը աշխատանքներ ծավալի, աճում է մատնունի ծիրանավորի մոտավորապես 2 000 առանձնյակ:

«Մեր Կառավարության կողմից հատուկ որոշում ընդունվեց, ըստ որի թույլտվություն տրվեց «Կարմիր գրքում» գրանցված բույսերը տեղափոխվել պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիներ և այնտեղ հատկացնել մատնունի ծիրանավորի համար տարածք: Ընտրվեց Երևանի բուսաբանական այգու մասնաճյուղը Սևանում: Այնտեղ կառուցեցին ոչ մեծ ջերմատուն և բացօթյա ռոկար՝ ժայռերի այգի ստեղծելով բոլոր բնական պայմանները հատուկ այդ ծաղկի տեսակի համար և մոտ 2 000 առանձնյակ տեղափոխեցին Ամուլսարի տարածքից Սևանի բուսաբանական այգի»,- նշում է պրոֆեսոր Գեորգի Ֆայվուշը: Նա հավելում է նաև, որ այդ ծրագիրը շատ հաջող է զարգանում, և տեղափոխված առանձնյակների 90 տոկոսը 2013 թ. վերջից արդեն հարմարվել է նոր պայմաններին, անգամ ծաղկում, սերմեր է տալիս: Նա կարևորում է, որ երբ 15-20 տարի հետո Ամուլսարում ավարտվեն աշխատանքները, այդ բույսերը կտեղափոխվեն և կվերականգնվեն իրենց նախկին տարածքում:

Այն մասին, թե վերջին շրջանում բարձրաձայնվում է, որ Ամուլսարի տարածքում այս պահին էլ կան «Կարմիր գրքում» ընդգրկված բուսատեսակներ, պրոֆեսոր Ֆայվուշն ասաց՝ իր և իր գործընկերների մի շարք հետազոտություններ իրենց թույլ են տալիս հայտարարել, որ Ամուլսարի տարածքում չկա «Կարմիր գրքում» ընդգրկված բուսատեսակ, որին իրականացվող աշխատանքները կարողանան վնասել: Նման խոսակցություններ կան ապոլլո տեսակի թիթեռի և ոզնաթուփի վերաբերյալ: Պրոֆեսորը նշում է, որ Հայաստանում ոզնաթուփի շատ տեսակներ կան, դրանցից երեքն ընդգրկված են «Կարմիր գրքում», բայց ոչ մեկն այդտեղ չի աճում: Իսկ ինչ վերաբերում է ապոլլո տեսակի թիթեռին, ապա տեսչական այցի ընթացքում այդ նույն աշխատանքային խումբը, որի կազմում եղել են նաև կենդանաբաններ Վասիլ Անանյանը և Ալեքսանդր Մալխասյանը, բարձրացել էր Ամուլսար և մոտ 3 000 մետր բարձրության վրա Վասիլ Անանյանը տեսել և նկարել էր այդ թիթեռի մի նմուշ:

Վերահսկիչ խմբի ներկայացուցիչները ապոլլո թիթեռի վերաբերյալ իրենց պաշտոնական եզրակացությունը ներկայացրել են Բնապահպանության նախարարություն, ըստ որի պետք է դադարեցնել աշխատանքները, քանի որ հայտնաբերվել են երկու նոր էկոլոգիական գործոններ,  խանգարող նոր հանգամանքներ հետագա աշխատանքների շարունակման համար: Բնապահպանության նախարարությունում որոշում են կայացնում, որ անհրաժեշտ է կրկին ստուգել՝  կան՞, արդյոք, ոզնաթուփ մեխակ և ապոլլո տեսակի թիթեռ Ամուլսարում:  Գեորգի Ֆայվուշն ասում է, որ ՀՀ Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը լրացուցիչ հետազոտություն իրականացնելու համար հրավիրում է նաև կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, «ՀՀ կարմիր գրքի» համահեղինակ, հատուկ արճճախոտազգիների ընտանիքի և ոզնաթուփ ցեղի մասնագետ Մարինե Հովհաննիսյանին, Կենդանաբանության ինստիտուտից՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանին և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի վարիչ Մամիկոն Ղասաբյանին և Մոսկվայի պետական համալսարանի մասնագետ Ալեքսանդր Դանչենկոյին:

Այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ոզնաթուփի այն տեսակը (ոզնաթուփ Վեդիի), որը հայտնաբերվել է Ամուլսարում, «ՀՀ կարմիր գրքում» գրանցված բույս չէ, այլ կա միայն «ՀՀ կարմիր գրքի» հավելվածում՝ DD կատեգորիայում: Դա նշանակում է, որ տվյալ տեսակի, դրա բազմացման, տարածվածության, քանակի մասին տվյալները ոչ բավարար են: Այդ բույսը ոզնաթուփ Վեդիին է և ոչ թե Ոզնաթուփ մեխակին: Իսկ Ալեքսանդր Դանչենկոն, ով 37 տարի ամեն ամառ գալիս է Հայաստան և զբաղվում թիթեռներով, հանգում է այն եզրակացության, որ նման բարձրության վրա այդ թիթեռը չի կարող բազմանալ:

«Կարևորն այն տեղն է, որտեղ զարգանում է թրթուրը, և հայտնվում է նոր թիթեռը: Առաջին դեպքն էր, երբ Ամուլսարում տեսել են թիթեռ: Այդ թիթեռի թրթուրները ապրում են միայն մի բույսի տեսակի թերթիկների վրա: Դանչենկոյի խոսքով, Ամուլսարի գագաթին այդ հիմնական բույսից չկա»,-մանրամասնում է Ֆայվուշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]