Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սեպտեմբերի 11-ին տեղեկացվել էր, որ էլեկտրոնային մամուլում տվյալներ են հրապարակվել ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվելու մասին, որում հղում էր կատարվել «youtube.com» կայքում տեղադրված ձայնագրությանը: Նկատի առնելով, որ վերոնշյալում առերևույթ առկա է անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալու հանցավոր արարքների հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ Քրեական գործը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել էր ՀՀ քննչական կոմիտե, որն արդեն ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նկատի ունենալով նշված քրեական գործի նյութերում առկա փաստական տվյալները, և այն հանգամանքը, որ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների բովանդակությունը պարունակում է պաշտոնական լիազորությունների անցման հանցագործության առերևույթ առկայությունը մատնանշող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունը ևս հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ