Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Հայաստանն այս ուստարվանից չի անցնի դպրոցներում միասնական ավարտական քննությունների ամբողջական համակարգի


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ 9-րդ դասարանի ավարտական քննությունների միասնական անցկացմանը դեմ են արտահայտվում այն խմբերը, որոնք որոշակի շահեր են հետապնդում: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հացին՝ Արայիկ Հարությունյանը համաձայնեց, որ այդ հարցը շատ է քննարկվում: «Այս հարցը քննարկում են որոշ շահագրգիռ կողմեր: Հիմնական քննադատությունը գալիս է այնտեղից, որ այդ քննադատող խմբերն այստեղ որոշակի շահեր ունեն: Բողոքների մեծ մասը գալիս է, այսպես կոչված, «հայտնի դպրոցներից», որովհետև գիտելիքի միասնական ստուգման արդյունքում, որոշ միֆեր, որոնք ձևավորված են տարբեր դպրոցների, տարբեր ուսուցիչների շուրջ, քանդվելու են: Իսկ որտեղի՞ց է այս գաղափարը եկել: Գաղափարն առաջացել է 2017-18 ուսումնական տարվա ավարտական քննություններին իմ մասնակցությունից հետո, երբ այդ քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ: Եվ, եթե նայենք տոկոսները, 0.1 կամ 0.2 տոկոսը, օրինակ, կտրվել է հայոց լեզվի ավարտական քննությունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Նախարարի խոսքով` հայերենի միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվը մոտավորապես 20 անգամ աճում է: Նա հայտնեց, որ, անսալով առկա բողոքներին, իրենք այս տարի ամբողջական չեն անցնի միասնական ավարտական քննությունների համակարգին: «12-րդ դասարանում մեկ առարկայի քննություն կանցկացվի միասնական, իսկ 9-րդ դասարանում 1-2 առարկա: Հիմա մենք գնահատման և թեստավորման կենտրոնի հետ քննարկում ենք այդ հարցը, որովհետև այդ քննությունները պետք է տեխնիկական առումով նախապատրաստվեն: Իսկ աշակերտներին մենք մեկ տարի առաջ ենք այդ մասին տեղեկացնում: Մենք միասնական քննությունների ժամանակ աշակերտներին նոր առաջադրանքներ չենք տալիս: Մենք պարզապես ասել ենք, սիրելի աշակերտ, դու հայերենի քննություն հանձնելու ես ոչ թե քո դասարանում, քո ուսուցչի ներկայությամբ, այլ ձեր համայնքի բոլոր աշակերտները կլինեն մեկ դահլիճում: Այստեղ որևէ խնդիր չկա»,- մանրամասնեց Հարությունյանը:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ