Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Փաշինյանը մանրամասնեց Խաչատուրովին կալանավորելու մասին ԱԱԾ տնօրենի հետ ունեցած խոսակցությունը 


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության որոշման մասին իմացել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից: ՀՀ վարչապետն այս մասին հայտնեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին` արդյոք Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետ կապված ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը իր հետ խոսե՞լ են, և, եթե խոսել են, ի՞նչ են ասել:

«Երբ ես Հատուկ քննչական ծառայության պետի թեկնածու եմ առաջադրել, ես թեկնածուի հետ ունեցել եմ հետևյալ պայմանավորվածությունը, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան, և, եթե քննության օբյեկտիվ ընթացքը որևէ պարագայում հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության` հանուն քննության շահերի, ուրեմն նա պետք է այդ գործողությունն անի` անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Դրանից հետո ժամանակ առ ժամանակ լինում են դեպքեր, որ փորձ է արվում, ավանդույթների համաձայն, ինձ հետ ճշտել, թե ես լո՞ւրջ էի ասում, որ կարելի է Հայաստանում օբյեկտիվ քննություն իրականացնել և, եթե  մաքուր իրավական տեսակետից որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտություն կա, ապա այդ գործողությունները քննչական մարմինները պետք է իրականություն դարձնեն: Եվ տվյալ դեպքում, ես իմացել եմ ԱԱԾ տնօրենից, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացնում: Ես տեղեկացել եմ իրավիճակի մասին, այդ ժամանակ Սանկտ Պետերբուրգում  էի: Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես պայմանավորվել ենք՝ քաղաքական որևէ խոչընդոտ չկա, իսկ եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, ձերբակալել, դա պետք է տեղի ունենա: Ես այս դիրքորոշումը վերահաստատում եմ Ազգային ժողովի ամբիոնից, վերահաստատել եմ նախկինում ու կվերահաստատեմ ապագայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց վարչապետը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը վարչապետից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն կլինեն նրա քայլերը, եթե հանկարծ համացանցում հայտնվի նաև իր և ԱԱԾ տնօրենի հիշյալ խոսակցությունը: «Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս, ցանկացած պահի:  Ես որևէ խնդիր չունեմ: Թող հրապարակվի, չի կարող լինել ձայնագրություն իմ այս նշած սկզբունքից և տրամաբանությունից դուրս: Ես ձեր փոխարեն հարցն ավելի հետաքրքիր կձևակերպեի:  Օրինակ` ես կհարցնեի` այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ Յուրի Խաչատուրովը չհայտնվեց կալանքի տակ: Բայց քանի որ ինձ 18 վայրկյան ժամանակ է մնացել, ես չեմ կարող և՛ հարցը ձևակերպել, և՛  դրան պատասխանել: Եթե ուրիշները կհետաքրքրվեն այս հարցով, ես կարող եմ ավելի մանրամասն պարզաբանումներ տալ: Հույս ունեմ հերթագրվածները սրա հետ կապված հարց կտան, որպեսզի ես կարողանամ մանրամասներ ներկայացնել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էր ՀՀ ՀՔԾ  պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանցյանի հեռախոսային խոսակցությունը, որում նրանք քննարկում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու հետ կապված հարցեր: Ձայնագրության մեջ Արթուր Վանեցյանը համոզում է Յուրի Խաչատուրովին կալանավորելու հարցում զգույշ լինել,   քանի որ այդ դեպքում կարող է քաղաքական մեծ սկանդալ լինել, ինչին ի պատասխան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Արթուր Վանեցյանին խնդրում է այդ հարցով խոսել վարչապետի հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ