1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եռօրյա տեխնոտոնը կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը. «ԴիջիԹեք 2018»-ն ակնկալում է ավելի քան 80 հազար այցելու

Եռօրյա տեխնոտոնը կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը. «ԴիջիԹեք 2018»-ն ակնկալում է 
ավելի քան 80 հազար այցելու

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնչորսերորդ տարին անընդմեջ իրականացվող ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը՝ «Երևան էքսպո» կենտրոնում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ԴիջիԹեքի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ԴիջիԹեքի պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Կարեն Վարդանյանը նկատեց, որ այս տարվա ԴիջիԹեքն իրենց վերջին նախապատրաստական միջոցառումն է համաշխարհային կոնգրեսից առաջ: «Այս իմաստով մենք փորձել ենք միջազգային ամենամեծ մասնակցություն ապահովել: Երևանում կլինեն Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի անդամները, ովքեր ԴիջիԹեքում կծանոթանան Հայաստանի ՏՏ ներուժին ու մասնակից ընկերությունների ծառայություններին: Նրանք հանդիպումներ կանցկացնեն պատասխանատու օղակների հետ՝ համապատասխանեցնելու հայաստանյան միջավայրը WCIT-ի անցկացման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Այս տարի ցուցահանդեսն անցկացվում է «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո և քայլ առ քայլ մոտենում է ՏՏ համաշխարհային համաժողովին: ԴիջիԹեքի ժամանակ կհայտարարվի միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկի՝ WCIT 2019-ի հետհաշվարկը:

Տեխնոցուցահանդեսի հովանավոր Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասաց, որ արդեն տասներորդ տարին է, ինչ մասնակցում են ԴիջիԹեքին, որը դարձել է հարթակ իրենց հաճախորդներին նորարարական լուծումներով ներկայանալու համար: «Այս տարվա ընթացքում Ucom-ը վերջնականապես որդեգրեց թվային ընկերություն դառնալու ուղին։ Այո՛, մեզ ճանաչում են որպես հեռաhաղորդակցման կամ կապի օպերատոր, սակայն արդեն այսօր դա մեր գործունեության ճյուղերից մեկն է։ Ucom-ը դարձել է նաև ամպային տեխնոլոգիաների, բազմաթիվ OTT-հավելվածների, տեսաբովանդակության տարածման նոր ուղիների ստեղծողն ու ջատագովը։ Մեր ընկերությունը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի պահպանի ամենանորարար, տեխնոլոգիապես առաջատար և հաճախորդամետ թվային ընկերության իր իմիջը Հայաստանում: Այսօր մենք ասոցացվում ենք այնպիսի եզրույթների և ծառայությունների հետ, ինչպիսիք են NaaS-ը (ցանցը որպես ծառայություն) և SaaS-ը (ծրագրային ապահովումը որպես ծառայություն)»,-նշեց Հայկ Եսայանը։

Ընկերության ղեկավարի խոսքով՝ տարեցտարի աճում է ցուցահանդեսի մասնակիցների և՛ որակական, և՛ քանակական չափանիշները: ԴիջիԹեքը, ըստ նրա, դարձել է համագործակցության եզրեր փնտրելու հարթակ մասնակից այլ ընկերությունների հետ:

«ԴիջիԹեք-2018»-ի շրջանակում կանցկացվեն հայ-գերմանական, հայ-թայվանական գործարար ֆորումներ: Կլինեն նաև ԴիջիԼայֆ սեմինարներ: Կարեն Վարդանյանի խոսքով՝ միջոցառմանը կներկայացվեն կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռանվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը կլինի շուրջ 120: Ակնկալվում է, որ ցուցահանդեսի այցելուների թիվը կանցնի 80 հազարը: Նախորդ տարի ԴիջիԹեք ցուցահանդեսը դիտելու է եկել 70 հազար մարդ: Կարեն Վարդանյանի դիտարկմամբ, իրենք առաջիկա տարիներին կանցնենք 100 հազար այցելուների շեմը, ինչը բացառիկ կլինի Հայաստանի նման երկրի համար:

Կազմակերպիչներն առաջարկում են հերթերից խուսափելու համար նախապես գրանցվել՝ այցելելով digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) և ներկայացնել այն անցակետում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեք մուտքի մոտ կրկին գրանցվել: Իսկ այն այցելուներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի գրանցվել, տեղում գրանցվել կօգնի ԴիջիԹեքի թիմը:

Բացի այդ՝ ԴիջիԹեք տեխնոտոնը, համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին, արդեն այս տարի կգրանցի այցելուների նախասիրությունները՝ հետագայում ավելի թիրախավորված առաջարկներով հանդես գալու համար:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ ԱՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]