Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Դիլիջանը զբոսաշրջության նոր և ինքնատիպ կենտրոններով կներկայանա հանրությանը  


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում են՝ տարիներ առաջ Դիլիջանի խիտ անտառներում ապրելիս է եղել մի հովիվ, որը սիրահարվել է իշխանավորի դստերը: Իշխանը՝ իմանալով այս մասին, հրամայել է Դիլիջանի խիտ անտառներում այնպես մոլորեցնել հովվին, որ այլևս ոչ ոք չգտնի: Իսկ հովվի մայրը օր ու գիշեր լացելով փնտրել է որդուն՝ «Դի-լի՜, ջան… Դի-լի՜, Դի-լի՜ ջան» կանչելով:

Տեղացիների հավաստմամբ՝ սա Դիլիջան անվանման ստուգաբանության ընդամենը մի տարբերակ է: Պատմում են, որ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու» և տեղացիների անուշ բարբառի պատճառով տեղանքին տվել են Դիլիջան անվանումը:

Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղազարյանի խոսքով՝ զբոսաշրջիկները Դիլիջան այցելելու մի շարք պատճառներ ունեն:

«Զբոսաշրջիկը, այցելելով Դիլիջան, հնարավորություն է ստանում ծանոթանալ քաղաքի խորհրդային և հետխորհրդային ճարտարապետական լուծումներին, տեսնել ոչ նյութական արժեքների ինքնատիպ դրսևրումը տարբեր ոլորտներում`յուրօիրնակ խոհանոց, գեղեցիկ արվեստանոց և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշեց Արթուր Ղազարյանը:

Քաղաքը խորհրդային տարիներին հայտնի է եղել որպես առողջարանային կենտրոն: Հիմա ևս այն աչքի է ընկնում գեղեցիկ շենքերով, յուրահատուկ ռեստորաններով, հարմարավետ առողջարանային կենտրոններով ու փարթամ բնությամբ:

Արթուր Ղազարյանի հավաստմամբ`Դիլիջանի տեսարժան վայրերից է «Հին Դիլիջան» փողոցը: Փողոցով քայլելիս շփվում ես հայկական կառուցապատման մշակույթին`փայտե տներ, փոքրիկ ու գունավոր տանիքներ, զարդաքանդակներ, սալիկապատված փողոց:

Դիլիջանը զբոսաշրջիկների համար հետաքրքիր է դառնում ժամանակակից մոտիվներով կառուցված ռոտունդայով ևս: Բառը լատիներենից թարգամանաբար նշանակում է շրջանակ: Ռոտունդաներ կան գրեթե բոլոր եվրոպական երկրներում:

Դիլիջանի ներկայիս ռոտունդան փոխարինում է իր «նախնիին», որը սողանքային տարածքում գտնվելու պատճառով քանդվել է: Այդ տարածքում է գտնվում նաև այն ծառը, որի ստվերում սիրել է ընթերցել Եղիշե Չարենցը:

«Քաղաքապետը 7-8 տարի առաջ որոշում կայացրեց կառուցել հին ռոտունդայի տրամաբանական շարունակությունը`ներկայիս ռոտունդա-ամֆիթատրոնը: Այստեղ մշակությաին հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում: Վերջերս տեղի է ունեցել նաև «ColorFest»-ը,-նշեց ծրագրի նախագահը:

Դիլիջանում զբոսաշրջիկների համար նախընտրելի վայր է համարվում նաև «Կճուճ» ռեստորանային համալիրը, որտեղ ուտեստները պատրաստվում են միայն կավե կճուճների մեջ, փռում:

Ռեստորանի հիմնադիր տնօրեն Վարդա Ավետիսյանի խոսքով՝ զբոսաշրջիկների ամենասիրելի ուտեստը գառան միսն է մեղրով ու սալորաչրով լցոնած, իսկ ամենից շատ վաճառվող սննդատեսակը հորթի մաչան է պատրաստված լոլիկի սոուսով ու սխտորով:

«Այստեղ ամեն մի սննդատեսակ իմ ստեղծագործությունն է: Ես սիրահարված եմ փռին ու սիրում եմ տարբեր մթերքներ համատեղել»,-ասաց Վարդան:

Վերջինիս խոսքով՝ նրանց նպատակն է եղել Դիլիջանը զբոսաշրջիկի համար ավելի հետաքրքիր ու հյուրընկալ դարձնելը, այդ պատճառով որոշել են տուրիստին հնարավորություն ընձեռել իր իսկ ձեռքով պատրաստել ուտեստը:

«Ես նկատում էի, որ զբոսաշրջիկին հետաքրքրում էր խոհանոցը, դրա համար այդպիսի բան որոշեցինք: Իսկ հիմա դեպքեր են լինում, որ տեղերի զբաղվածության պատճառով մերժում ենք նրանց»,-հավելեց ռեստորանի տնօրենը:

«Իմ Հայաստան» ծրագրի տնօրեն Սիսակ Մխիթարյանի խոսքով՝ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ:

«Մենք զբաղվում ենք տուրիստական «մթերք» գտնելով և դրա մասին հանրությանը իրազեկելով: Մեր աշխատանքը մի քանի փուլեր ունի: Սկզբում ազգագրական ուսումնասիրություններ ենք իրականացնում, ընտրում ենք այն «պրոդուկտը», որը ներկայացվելու է տուրիստներին, հետո գիդերի համար դասընթացներ ենք կազմակերպում, որպեսզի հետագայում ներկայացնենք զբոսաշրջիկին: Մեր նպատակը Հայաստանում զբոսաշրջության խթանումն է: Ուզում ենք այնպես անել, որ անձը, մարզ գնալով, մի քանի օր ավելի մնա, և դա՝ հետաքրքրությունից դրդված»,-ամփոփեց Սիսակ Մխիթարյանը:

Ներկայումս Դիլիջանում գործում են շուրջ 3 տասնյակ առողջարաններ և հանգստյան տներ, 5 դպրոցներ, 3 միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ և բուհերի 2 մասնաճյուղեր։ Քաղաքն ունի թանգարաններ, գրադարանային համակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։ Վերջինս զբոսաշրջային և բարեկամական կապերով կապված է Լյուքսեմբուրգի Պետանջ, Իտալիայի Ուդինե, Անգլիայի Ուինքոմբ, Ֆրանսիայի միջերկրածովյան հայտնի զբոսաշրջային կենտրոններ Մարսել, էքս-Պրովանս և Սեն Մաքսիմ քաղաքների հետ։ Դիլիջանում ներկայումս գործում են 10-ից ավելի հյուրանոցներ, որոնք ապահովված են հանգիստը վայելելու համար նախատեսված բոլոր հարմարություններով:

  Սոնա Մկրտչյան



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ