«Ֆլորենս»-ն ամենահզոր փոթորիկը կլինի վերջին տասնամյակներում. Թրամփ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի արեւելյան ափին մոտեցող «Ֆլորենս» փոթորիկը կարող Է ամենահզորը դառնալ վերջին տասնամյակներում: Իր տեսակետը նա հայտնել Է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների համերկրային գործակալության ղեկավար Բրոք Լոնգի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դա շատ ընդգրկուն փոթորիկ կլինի, անհամեմատ ավելի ընդգրկուն նրանցից, ինչ մենք տեսել ենք, հնարավոր Է՝ տասնամյակների ընթացքում: Ամեն ինչ կարող Է փոխվել, բայց մենք կասկածում ենք, որ այս փուլում ինչ-որ բան կփոխվի»,- ասել Է Թրամփը: Դրա հետ մեկտեղ նա ներկաներին հավաստիացրել Է, որ նահանգների իշխանությունները, որտեղ կարող Է մոլեգնել փոթորիկը, պատրաստ են դիմակայելու տարերքին: «Ֆլորենս» փոթորիկը սեպտեմբերի 10-ին հասել Է Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի չորրորդ, նախավերջին կատեգորիային: Ըստ վերջին տվյալների՝ փոթորկի ընդգրկույթում քամու առավելագույն արագությունը հասնում Է վայրկյանում 58 մետրի, այն շարժվում Է արեւմտյան ուղղությամբ վայրկյանում մոտավորապես 7,5 մետր արագությամբ:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ «Ֆլորենս»-ն ԱՄՆ-ի ափին կհասնի հինգշաբթի, սակայն երեքշաբթի օրը ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը հայտնել Է, որ փոթորիկը կդանդաղի եւ Միացյալ Նահանգների ափին կհասնի սեպտեմբերի 14-ից ոչ շուտ:
Չորս նահանգների՝ Վիրջինիայի, Հյուսիսային Կարոլինայի, Հարավային Կարոլինայի, Մերիլենդի, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի իշխանությունները, որոնց ուղղությամբ շարժվում Է «Ֆլորենս»-ը, արդեն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել: Հարավային եւ Հյուսիսային Կարոլինայում ափամերձ շրջանների բնակիչների տարհանում Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում