Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը Երևանի խնդիրների լուծման հարցում միասնության կոչ է անում


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուսակցությունների «Լույս» դաշինքը սեպտեմբերի 11-ին իր քարոզարշավն իրականացրեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրություններում  էական տարբերություն է զգում:

«Մարդիկ ոգևորված են, շատ ավելի տեղեկացված և ավելի պատրաստակամ լսելու, ինչը քարոզարշավ իրականացնելու տեսանկյունից հեշտացնում է մեր գործը»,- ասաց Խաժակյանը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ներկայումս գերկարևոր խնդիր է համարում արդար ընտրություններ ապահովելը:

«Այն փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում` մեր ժողովրդի սրտով է: Կարծում եմ՝ այդ փոփոխություները հիմնականում տեղի ունեցան մի պատճառով ՝ այս երկրում տեղի չէին ունենում ընտրություններ: Չկա ավելի կարևոր խնդիր, քան արդար ընտրությունները, որպեսզի մեր երկիրը իրական արժանապատիվ պետություն դառնա»,- ընդգծեց Սարգսյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին ընտրությունների գալ և քվեարկել «Լույս» դաշինքից քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի օգտին:

«Վստահեցնում եմ ձեզ, Արտակ Զեյնալյանի օգտին քվեարկելով՝ մեկ տարի հետո հպարտանալու եք ձեր քվեարկությամբ, որովհետև աննկարագրելի անաչառ մարդ է»,- ասաց Սարգսյանը:

Արտակ Զեյնալյանի խոսքով` Երևանը տարիներ շարունակ քայքայվել է, որովհետև քաղաքի պահպանության  համար բավարար միջոցներ չեն ներդրվել` արդարացված կամ չարդարացված պատճառներով:

«Պահպանություն նշանակում է աստիճանական զարգացում: Եթե դու չես ապահովում զարգացումը, ապա այն քայքայվում է: Որպեսզի մենք կարողանանք կասեցնել այս քայքայումը  և առաջընթաց ապահովել, մենք պետք է ոչ դասական գործողություն անենք: Եթե մեր Երևանին չվերաբերվենք որպես մեր տան  և բոլոր միջոցները չներդնենք Երևանի համար, մենք այս քայքայումը չենք դադարեցնելու: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Երևանը իրեն զգա մեկ միասնություն»,- եզրափակեց Զեյնալյանը:

Սեպտեմբերի 10-ին մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 21-ը: Առաջիկա 11 օրերի ընթացքում Երևանի ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը երևանցիներին կներկայացնեն իրենց նախընտրական ծրագրերը, հանդես կգան Երևանի խնդիրներին լուծում տալու սեփական տեսլականով:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ: Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել են «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ, «Հայք», «Երկիր ծիրանի», «Ռեֆորմիստների», «Ժողովրդավարական ուղի», «Օրինաց երկիր» կուսակցությունները, «Իմ քայլը», «Երևանցիներ», «Երևանի հանրություն», «Լույս» դաշինքները:




Այս թեմայով

... վերջին լուր "Երևանի ավագանու ընտրություններ-2018" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ