Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը. Զոհրաբ Մնացականյան


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,  ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղար Միկաել Ժանին՝ կազմակերպության շրջանակներում Հայաստանին նախաձեռնություններին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՖՄԿ դերը՝ որպես համագործակցության, երկխոսության և մտքերի փոխանակման հարթակ և հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՖՄԿ գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք շատ ուրախ ենք ու երջանիկ, որ Հայաստանը հյուրընկալում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և որպես կարգախոս ու հիմնական թեմա ընտրվել է «Ապրել միասին» այժմէական թեման: Ինձ համար մշտապես մեծ հաճույք է լինել Հայաստանում որպես ՖՄԿ գլխավոր քարտուղար»:

Զրուցակիցները մանրամասն անդրադարձել են Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Այդ համատեքստում նախարար Մնացականյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հանձնառու են գագաթաժողովն ամենաբարձր մակարդակով կազմակերպելուն: Կողմերը համոզմունք են հայտնել, որ Երևանի գագաթաժողովում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը կնպաստեն կազմակերպության դերի և գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Ներկայացնելով կազմակերպությունում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունները՝ ԱԳ նախարար Մնացականյանը որպես գերակա ուղղություն առանձնացրել է նորարար զարգացման և թվային օրակարգը և դրա շրջանակներում համագործակցության խթանումը: Այս առումով երկուստեք կարևորվել է գագաթաժողովի շրջանակներում թվային ոլորտի պատասխանատու նախարարների ցանցի ստեղծումը, թվային և գործարար բնագավառների ֆորումների անցկացումը, որով ճանապարհ կհարթվի Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական համագործակցության զարգացման համար:

Անդրադառնալով գագաթաժողովի «Ապրենք միասին» կարգախոսի խորհրդին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանի կողմից առաջարկված կարգախոսը և դրա ներքո ներկայացվելիք կոչը խորհրդանշում է հարգանք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ, սոցիալական հանդուրժողականություն, խաղաղ համագոյակցություն, հավասարություն կնոջ և տղամարդու միջև, երիտասարդությանը նախապատվություն. դրանք հանդիսանում են նաև Հայաստանի կառավարության գերակայությունները: Կողմերն ընդգծել են երիտասարդության ներգրավվածության և քաղաքացիական հասարակության հետ երկխոսության կարևորությունը՝ որպես կայուն զագացման օրակարգի բաղկացուցիչ մաս։

Գագաթաժողովի հարակից միջոցառումների շուրջ զրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են նաև Ֆրանկոֆոնիայի ավանին, ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ կայանալիք Գալա համերգին, ինչպես նաև Ծաղկաձորում կայանալիք Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության 47-րդ համաժողովին։

Հանդիպման ավարտին Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսին:

Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ