Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի և Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի վերաբերյալ մանրամասներ


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու հատուկ քննչական ծառայությունը քննում են առավել աղմկոտ գործերը և գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց և խմբերի հետ: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին  առաջիկայում կխոսենք: Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք: Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ինչպես է ձեռք բերել: Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Մենք ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը:

Նա շեշտեց, որ  իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր: «Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,-մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ: «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը՝ շեշտելով, որ խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է: «Ու այն մարդիկ, որ ասում էին որտեղ են Սաշիկի 50 տոկոսները, ես ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահված է: Ու հավատացեք առաջիկայում ամբողջը կհրապարակվի: Միլիարդավոր դոլարներ այս երկրից գողացված է: Մեկը հանկարծ չմտածի, թե այս ամեն ինչով փորձել են սենսացիա անել, թե Արթուր Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին լիկվիդացնենք, վերջացնենք: Մեր բոլոր գործերը կավարտենք և այդ օրը մեր ոտքով կգնանք ու մեծ հաճույքով կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»,- ասաց Վանեցյանը:

Ճշտող հարցին, թե Ալեքսանդր Սարգսյանի գումարները դրսի բանկերում են, Արթուր Վանեցյանն ասաց, որ մի մասը դրսի բանկերում են, մի մասը՝ Հայաստանի բանկերում:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ