Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային 
բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Վրացական երկաթուղու» տնօրեն Դավիթ Փերաձեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի և հացահատիկի ներկրմամբ զբաղվող 2 հայ գործարարների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Առանցքային թեման Վրաստանի տարածքով ցորենի և հացահատիկային այլ կուլտուրաների՝ դեպի Հայաստան ցամաքային ճանապարհով բեռնափոխադրման արգելքն էր:

Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում և էկոլոգիական: Սեպտեմբերի 15-ից արգելքն ուժի մեջ է մտնելու:

Որպես արձագանք այս իրավիճակին՝ վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում սեպտեմբերի 1-ից Փոթիի նավահանգիստ - Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նախկինում գործող սակագների համեմատ նվազել են 52%-ով: Ընդ որում՝ այս զեղչը գործում է 150 հազար տոննա երաշխավորված ծավալով բեռների փոխադրման դեպքում: Փոխադրողները, սակայն, պնդում են, որ չնայած զեղչին՝ բեռի փոխադրման արժեքը միևնույն է կբարձրանա, ինչն էլ թանկացումների կբերի:

Փոխադրողների անունից Աշոտ Հակոբյանն առաջարկեց գոնե 1-1.5 ամսով հետաձգել արգելքի կիրառումը, որպեսզի տնտեսվարողները հասցնեն ավարտել իրենց ընթացիկ պայմանագրերը և պատրաստվեն փոխադրման նոր կանոններով աշխատանքին:

Նախարարը նաև խնդրեց պարզաբանել՝ արդյոք արգելքի տակ մտնում են սերմացու բեռները ևս: Նրա խոսքով՝ այս հարցը անհրաժեշտ է դիտարկել առանձին, որովհետև տարեկան Վրաստանով Հայաստան է բերվում ընդամենը 500 տոննա սերմացու: 

Կողմերը քննարկեցին արգելքի հետ կապված այլ ռիսկեր, «Վրացական երկաթուղու» տնօրենը խոստացավ բարձրացված հարցերը ներկայացնել Վրաստանի վարչապետին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]