Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չինաստանում և Ճապոնիայում կայացել են հայկական երաժշտության մի շարք համերգներ և դասախոսություններ

Չինաստանում և Ճապոնիայում կայացել են հայկական երաժշտության մի շարք 
համերգներ և դասախոսություններ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանում և Ճապոնիայում այս ամառ անցկացվել են հայկական երաժշտության մի շարք համերգներ և այդ թեմայով դասախոսություններ: Այ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության մեջ նշված է. ««Կազմակերպված լինելով ՀԲԸՄ կատարողական արվեստների բաժնի կողմից (ԿԱԲ)` այս միջոցառումները տարածեցին հայկական մշակույթը Հեռավոր Արևելքում և խթանեցին մշակութային համագործակցությունը: «Այս շրջագայությունը հայկական ժառանգությունը համաշխարհային լսարանին հասցնելու և նոր ծագող տաղանդներին աջակցելու մեր առաքելության ևս մեկ դրսևորում էր», - ասաց դաշնակահար և ՀԲԸՄ ԿԱԲ տնօրեն Հայկ Արսենյանը:

Համերգների ու դասախոսությունների շարքը մեկնարկեց մայիսի 28-ին Չինաստանի Շանհայ քաղաքում ՀԲԸՄ և Cadillac Shanghai համերգասրահի կողմից հյուրընկալված համերգով՝ լեփլեցուն դահլիճում: «Մետաքսի ճանապարհի հնչյունները. Հայաստանից մինչև Չինաստան» խորագիրը խոսում էր չին-հայկական կապերի էության մասին, որոնք գալիս են միջնադարից, երբ Մետաքսի ճանապարհը զարկ տվեց երկու ազգերի միջև առևտրին: «Տարիներ շարունակ ապրելով Շանհայում՝ ես հասկացել եմ, որ Հայաստանն ու Չինաստանը բազմաթիվ նմանություններ ունեն: Երկու երկրներն էլ ունեն դարավոր պատմություն, հսկայական մշակութային ժառանգություն և հրաշալի ավանդական երաժշտություն», - ասաց համերգի գեղարվեստական ղեկավար Աստղիկ Պողոսյանը, ով նաև Շանհայի սիմֆոնիկ նվագախմբի նախագահի օգնականն է: «Կարևոր է, որ մենք շարունակենք առաջ տանել և ներկայացնել մեր մշակույթը այլ երկրներում, որովհետև հայկական մշակույթն առաջարկելու այնքան բան ունի, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ այն հասանելի լինի հնարավորինս մեծ թվով մարդկանց: Հուսով եմ, մենք դա Ասիայում անելու ավելի շատ հնարավորություններ կունենանք»:

Հայաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Ինդոնեզիան, Մալայզիան և Միացյալ Նահանգները ներկայացնող երաժիշտները կատարեցին մի յուրօրինակ ծրագիր՝ միաձուլելով հայկական և չինական ժողովրդական մեղեդիները, որոնք կատարվեցին կամ որպես առանձին հատվածներ կամ որպես միքսեր՝ արևմտյան դասական կամ ավանդական չինական երաժշտական գործիքներով: «Առաջին անգամ է, որ ավանդական չինական գործիքով այլ երկրի ժողովրդական երաժշտություն եմ նվագում», - ասաց գուժենգահար Լյու Յու Քսիանը: «Ես շատ երջանիկ եմ և հպարտ նման հնարավորություն ունենալու և այս մշակույթին ծանոթանալու համար»:

Այս համերգով նաև նշանավորվում է Շանհայի երաժշտական կոնսերվատորիայի և ՀԲԸՄ միջև բեղմնավոր համագործակցության շարունակությունը, որը մեկնարկել է 2015թ., երբ կոնսերվատորիայի ուսանողները կազմակերպեցին ավանդական հայկական երգի կատարումը Քարնեգի համերգասրահում (NYSEC) ՀԲԸՄ արվեստագետ-կատարողների 8-րդ համերգի ժամանակ:

Շրջագայությունը շարունակվեց «Արևելքի և Արևմուտքի երաժշտությունը» խորագրով համերգով, որը տեղի ունեցավ հունիսի 1-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի «Ցունոհազու Կումին» սրահում: Համերգը կազմակերպվել էր ՀԲԸՄ և Arev Arts անսամբլի և հիմնադրամի կողմից, և այն Ճապոնիայում Հայաստանի դեսպանության կողմից Տոկիոյում պարբերաբար անցկացվող հայկական մշակույթի շաբաթվա մաս էր կազմում: Այս մշակութային միջոցառումը հայկական ժառանգությանը հայացք ձգելու հնարավորություն ընձեռեց Ճապոնիայի լսարանին. մի երկիր, ուր հայերը պատմականորեն զգալի ներկայացվածություն չեն ունեցել, և միայն վերջերս է փոքրիկ համայնք ձևավորվել: «Վերջին մի քանի տարիներին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում հայկական մշակույթի շաբաթներ է կազմակերպում: Հայաստանը և սփյուռքը ներկայացնող արվեստագետները, երաժիշտներն ու արհեստագործները, ինչպես նաև Հայաստանի ճապոնացի բարեկամները ցուցադրում են իրենց արվեստն ու կատարում մշակույթների կամրջի դեր՝ նշանավորելով երկու երկրների միջև բարեկամական կապերը: Մենք ուրախ ենք, որ այս տարի ՀԲԸՄ կատարողական արվեստների բաժինը մեր կարևոր գործընկերն էր», - նշեց Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանը: Նա շարունակեց՝ նշելով, որ ի շնորհիվ փայլուն կատարումների ու դասախոսությունների, տեղացիները հնարավորություն ունեցան ավելի լավ ընկալելու հայկական մշակույթը:

Երեկոյին մասնակցեցին հանրահայտ երաժիշտներ Հայաստանից, Ճապոնիայից, Իսպանիայից և Միացյալ Նահանգներից, ովքեր նվագեցին դաշնամուր, ջութակ և կոտո (ճապոնական քնար): «Հուսով եմ, որ ՀԲԸՄ կատարողական արվեստի բաժնի հետ մեր համագործակցությունը կշարունակվի և հայկական մշակույթը Ճապոնիայում ներկայացնելու ավելի շատ հնարավորություններ կընձեռի», - ասաց Arev Arts անսամբլի և հիմնադրամի տնօրեն և հիմնադիր Կարեն Իսրայելյանը:

Համերգներին հաջորդեցին Արսենյանի դասախոսությունները, նախ՝ Հոնգ Կոնգի Համալսարանում, ապա՝ Տոկիոյի Waseda Համալսարանում, որը մեծությամբ երկրորդ համալսարանն է Ճապոնիայում: Նա անդրադարձավ հայկական պատմությանը, մշակույթին, երաժշտությանը և ՀԲԸՄ տարբեր ծրագրերին, այդ թվում՝ ՀԲԸՄ երաժշտական Հայաստան ծրագրին: Ճապոնացի դուդուկահար Յաս Տարումին միացավ Արսենյանին՝ Waseda համալսարանում կատարելով ավանդական և դասական հայկական երաժշտություն: «Սա մեր երաժշտությունն ու մշակույթը Ասիայի ժողովրդին ներկայացնելու հիանալի հնարավորություն էր՝ մեր ժողովրդական մեղեդիների յուրօրինակ մեկնաբանություններով», - եզրափակեց Արսենյանը:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]