Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել էր հատուկջոկատայինների կողմից. ՀՔԾ պետը նոր բացահայտումներ ներկայացրեց Մարտի 1-ից

Ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել էր հատուկջոկատայինների 
կողմից. ՀՔԾ պետը նոր բացահայտումներ ներկայացրեց Մարտի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց Մարտի 1-ի քրեական գործից: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՀՔԾ պետը նախ հիշեցրեց, որ իրենք հայտնաբերել են 0038 հույժ գաղտնի հրամանը, որը շուրջ 10 տարի քրեական գործում չի եղել: «Երբ հայտնաբերվեց գաղտնի հրամանը, պարզ դարձավ, որ բանակը մասնակցել է այդ իրադարձություններին: Ընդ որում՝ բանակը մասնակցել է՝ սկսած փետրվարի 23-ից, և գաղտնի հրամանով  կատարվել է ձևակերպում, որ ընտրության արդյունքներն ազատ և արդար գնահատելուց հետո որոշ անհատներ և կազմակերպություններ չեն ընդունում դրանք, խժդժություններ են առաջացնում: Խնդրում եմ հաշվի առնել, որ այս հրամանն արձակվել է փետրվարի 23-ին, այսինքն,Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ: Այսինքն, մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու, և միջազգային կառույցները պետք է այս ընտրությունները դիտարկեն ազատ և արդար: Եվ այս պարագայում ստորագրվում է հրաման, որ բանակը բերեն զորանոցային վիճակի և կանխել այդ խաղաղ ցույցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սասուն Խաչատրյանը:

Նա հավելեց՝ երբ պարզվել է, որ 0038 հրամանով ստեղծվել են կայուն և շարժուն խմբերը, դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարություններով, թե այդ խմբերը ստեղծվել են նրա համար, որպեսզի թույլ չտան, որպեսզի Գագիկ Մելքոնյանը և Մանվել Գրիգորյանը բանակը ինչ-որ գործընթացների մեջ ներգրավեն: «Նրանք այնպիսի փաստարկներ էին բերում, որոնք առնվազն լուրջ չեն: Դրանից հետո ասացին, որ բանակը չի մասնակցել մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի: Մեր քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, բանակը կրակել է, բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն, բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»,- մանրամասնեց Սասուն Խաչատրյանը:

ՀՀ ՀՔԾ պետը ևս մեկ բացահայտում արեց՝ ընդգծելով, որ հասարակությունը պետք է իմանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել: «Այս գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորները հերթապահել են առանց հերթափոխի, ստեղծվել են վտանգավոր պայմաններ, ինչի արդյունքում նաև դիվերսիա է եղել: Այսինքն, այս ամենն ազդել է բանակի մարտունակության վրա: Իսկ ամենախայտառակ բանը, որ արել են բանակի հետ, պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Քրեական գործով արդեն իսկ հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ն ընկած ժամանակահատվածը, բանակի զինվորներին բաժանվել են գումարներ, նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները»,- ընդգծեց Խաչատրյանը՝ ներկայացնելով փաստաթղթային ապացույցներ:

Նա ցույց տվեց ՀՔԾ քննիչի կողմից առգրավված մատյանը, որտեղ հատ առ հատ նշված են այն զինծառայողները, ովքեր գումարներ են ստացել, նշված են նաև գումարների չափերը, իսկ այդ անունների դիմաց առկա են այդ զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները: «Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հաշիվներից: Կոնկրետ անձանց հաշիվները կհրապարակենք ավելի ուշ: Ես չգիտեմ, թե ինչպես են սրա բացատրությունը տալու մեր երկրի նախկին ղեկավարները, թե ինչպես են նրանք մեր բանակի զինվորներին դարձրել վարձկաններ և հանել ժողովրդի դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ անունները կտա հետագայում:

ՀՔԾ պետը հաստատեց, որ այդ օրերին օլիգարխների թիկնապահներին զրահաբաճկոններ են բաժանել: Նա նշեց, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ դա իրականություն է: «Պաշտպանության նախարարության պահեստներից ստացվել են մեծ քանակությամբ զինվորական հագուստներ, որոնք բաժանվել են օլիգարխների թիկնապահներին:  Ում են, բաժանվել, ինչի համար են բաժանվել, այս պահին չեմ ասի: Թե ում են բաժանվել, դրա մասին բոլորդ կտեղեկանաք քննության ավարտին»,- մանրամասնեց Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանը ևս մեկ ուշագրավ բացահայտում արեց: Նա շեշտեց, որ մարտի 1-ի զոհերից ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներն առավել քան մշուշոտ էին, ուստի իրենք այդ ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք են տարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկջոկատայինների կողմից, մենք այդ մասին ունենք հստակ ապացույցներ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն էր մտցրել, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Մեր տարբերակն այն է, որ Տիգրան Աբգարյանին  հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք ունենք զոհեր, հիմնավորվի, ինչը նախաքննությամբ հիմնավորվել է»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Սասուն Խաչատրյանը նաև մանրամասներ ներկայացրեց մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում «Չերյոմուխա» տեսակի զենք  կիրառելու վերաբերյալ: «Բացահայտում անեմ գործի քննության հետ կապված: Այս պահին այս գործն ամբողջ ծավալով քննվում է: Մենք հիմք չենք ընդունում նախորդ քննության որևէ տվյալ: Զրոյից այս գործը քննվում է և բացահայտումները, որ ասացի, այս քննության արդյունքներն են: Բոլոր զինծառայողներին անուն առ անուն ունենք, որ փող են ստացել: Բոլորը, նրանց հրամանատարները: Կպարզենք նաև կրակողներին: Ինչ վերաբերում է «Չերյոմուխա» կրակողներին, այս ուղղությամբ նույնպես քննություն արվում է: Նախկինում ներքին զորքերի 4 ծառայողի մեղադրանք է առաջադրվել դա կիրառելու համար: Առաջադրվել է մեղադրանք կանոնները խախտելու համար, ինչը լուրջ մեղադրանք չէ, քանի որ մենք ունենք տվյալներ, որ դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններով է հիմնավորվել, որ եղել են նշանառու կրակողներ «Չերյոմուխա»-ով և որևէ անզգուշության մասին խոսք չկա»- եզրափակեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]