Բուլղարիայում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին ՀՄԸՄ Բուլղարիայի շրջանային վարչությունը և Պլովդիվի մասնաճյուղը: Միջոցառմանը մասնակցեցին Սոֆիայի, Պլովդիվի, Վառնայի, Բուրգասի, Ռուսեի և Շումենի ՀՄԸՄ մասնաճյուղերի ու սկաուտական խմբերի անդամներ, սկաուտական շարժման վետերաններ, հայ համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ անցած հարյուր տարիների ընթացքում ՀՄԸՄ-ն մեծ վստահություն ու հարգանք է ձեռք բերել Սփյուռքում և Հայաստանում` իր հայապահպան գործունեության և երիտասարդության համախմբման բնագավառում ունեցած հսկայական ավանդի համար:
Տեղի ունեցավ սկաուտական խմբերի շքերթ, որից հետո կայացավ փոքրիկ սկաուտների երդման հանդիսավոր արարողություն՝ քահանա Հրաչ Մուրադյանի օրհնությամբ:
Այնուհետև հանդիսությունը շարունակվեց տոնական սեղանների շուրջ՝ հայկական երգ ու պարի ներքո:
Միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր հայ գործարարների և անհատների կողմից պատրաստված հուշանվերների, հրուշակեղենի տոնավաճառ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում