1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արա Բաբլոյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

Արա Բաբլոյանն ընդունել է Վրաստանի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական բարեկամական հարաբերություններին եւ կնպաստի դրանց առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Ազգային ժողովի նախագահը Մամուկա Բախտաձեի հետ զրույցում կարեւորել է խորհրդարանականների միջեւ սերտ շփումներն ու համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում օրենսդիր մարմնի ղեկավարն անհրաժեշտ է համարել նաեւ արդյունավետ միջխորհրդարանական փոխգործակցությունը միջազգային հարթակներում:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ բարձր մակարդակի նման հանդիպումներն առավել ջերմացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները:

Մամուկա Բախտաձեն, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:

Խոսելով վրաց-հայկական հարաբերություններից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրների բարեկամությունն ունի դարերի պատմություն, եւ Վրաստանը մշտապես պատրաստ է Հայաստանի հետ առավել զարգացնելու դրանք բոլոր ոլորտներում: Նա երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին զուգահեռ անհրաժեշտ է համարել տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացումը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ողջունելով գաղափարը, կարեւորել է նաեւ գիտական, կրթական, մշակույթի եւ առողջապահության բնագավառներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]