1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ասվում է.

«Հարգելի′ պարոն վարչա­պետ,

զանգվածային լրատվության միջոցների հարգարժա′ն ներկա­յացուցիչներ,

տիկնա′յք և պարոնայք,

Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Այսօր մենք շատ կարևոր խոսակցություն ունեցանք և մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձևակերպեցինք:

Իհարկե, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, և մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին և այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջև: Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, և շարունակելու են պարբերական բնույթ կրել:

Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական և քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար և տնտեսական հարաբերություններին:

Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում  փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը:

Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, և այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, և մինչև այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը  կդրվի՝ ձևավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար:

Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական և ավելի ջերմ է դառնում, և մեր կառավարությունների անդամների միջև հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարևոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է անպայման շարունակել և վստահ քայլելով գնալ առաջ»:

 

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարության մեջ ասվում է.  

«Պարո′ն վարչապետ,

տիկնա′յք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ և առաջ ուզում եմ ողջունել և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, և դրա հստակ ապացույցն այս օրն է:

Այս տարի և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները և հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին և մարտահրավերներին, դրսևորեցին մարտունակություն և զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, և այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջև:

Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջև հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, և մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են:

Այսօրվա հանդիպմանը ես և իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները և ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր և համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով:

Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր և կարևոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առևտրատնտեսական ուղղությամբ:

Միևնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի և այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միևնույն ժամանակ ողջունում ենք  Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների ակտիվացումը:

Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան և միևնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը և պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]