Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի թեկնածու, «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Զարուհի Փոստանջյանը նախընտրական ծրագիրը ներկայացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մենք առաջնորդվել ենք արդարության սկզբունքով, և օրենքի, իրավունքի գերակայությունը մեզ համար կարևորագույն արժեքներից են։ Հետևաբար, մենք այս արժեքների և սկզբունքների ներքո պատրաստվում ենք ստանձնել Երևանի կառավարումը և ծառայել մեր քաղաքացիներին»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Երկիր ծիրանի» կուսակցությունը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում հանդես է գալիս «Արդարություն և օրենք» կարգախոսով։ Նախընտրական ծրագիրը բաղկացած է 19 կետերից։ «Երկիր ծիրանին» նախընտրական ցուցակում 4-րդ համարն է։

«Երևանի բյուջեի ծախսերը և մուտքերը նույնպես քաղաքացիների համար լինելու են տեսանելի։ Տեսանելի ոչ միայն թղթային տարբերակով։ Սա շատ կարևոր գործընթաց է, որը մինչ այսօր Երևանում չենք տեսել»,- նշեց Փոստանջյանը։

Երևանցիներին հուզող հանրային և մասնավոր տրանսպորտի ոլորտում, ըստ «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրի, նախատեսվում է կենտրոնացված և միասնական վճարման համակարգի ներդնում, որը ներառում է սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների և սոցիալապես անապահով խավի համար, Աջափնյակ կայարանի ավարտական կառուցման աշխատանքներ և այդ ուղղությամբ երկու կայարանի բացում: Տրամվայի շահագործում, ճոպանուղի-ֆունիկուլյորի զարգացում (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն և այլն):

Միջազգային համագործակցություն զարգացնելու համար նախատեսվում է զարգացնել կապերը ինչպես Երևանի քույր քաղաքների, այնպես էլ հայաշատ այլ քաղաքների հետ։ Ծրագրվում է ստեղծել և իրականացնել Հայաստան-Լոս Անջելես ուղիղ չվերթ։

 «Երկիր ծիրանիի» նախընտրական ծրագրի կետերից քաղաքապետի թեկնածուն հատկապես կարևորեց կրթության քաղաքականությունը։

Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախընտրական ծրագրի կարևոր կետերից են նաև գործարանների կառուցումը և աշխատատեղերի ստեղծումը։ Նախատեսվում է կառուցել կենցաղային թափոնների վերամշակման, վերելակների արտադրության (հավաքման) գործարաններ, ներդնել այլընտրանքային էներգիայի արտադրության համալիրներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ