Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել ուժի դիրքերից. Փաշինյանը ԼՂ խնդրի կարգավորման մասին

Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել ուժի դիրքերից. Փաշինյանը ԼՂ խնդրի կարգավորման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, սակայն դրանք պետք է լինեն իրական բանակցություններ, այլ ոչ թե բանակցությունների իմիտացիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պատրաստ ենք իսկապես ջանքեր գործադրել, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»,- նշել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը բարձր է գնահատում խնդրի կարգավորմանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը:

Փաշինյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վախենում է, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները կարող են տեղափոխվել նաև իր երկիր, ուստի փորձում է ԼՂ շփման գծում իրավիճակի սրմամբ շեղել իր քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից:

«Շփման գծում իրադրությունը բավական կայուն է, սակայն երբ լսում ենք Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, դա հարաբերություններում ավելացնում է լարվածության մակարդակը: Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը կփոխի վարքագիծը: Ադրբեջանը պետք է իմանա, որ անհնար է խոսել Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ռազմական հռետորաբանության ու մշտապես պատերազմով սպառնալու պարագայում կառուցողական բանակցություններ չեն կարող լինել:  «Դրա համար անհրաժեշտ է բանակցությունների մթնոլորտ ստեղծել: Մենք պատրաստ ենք աշխատել դրա շուրջ: Ինչ վերաբերում է ձևաչափին, ես Հայաստանի վարչապետն եմ ու պատրաստ եմ մասնակցել բանակցություններին Հայաստանի Հանրապետության անունից: Ես չեմ կարող խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից: ԼՂ ժողովուրդը չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացներին: Նրանք ունեն իրենց իշխանությունը, կառավարությունը, նախագահը: Ղարաբաղը պետք է ներկայացնի լեգիտիմ մեկը, ով ունի ժողովրդին ներկայացնելու մանդատ: Դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք դրան պատրաստ ենք ամեն պահի: Սակայն Ղարաբաղը պետք է ներկայացնի Ղարաբաղի ներկայացուցիչը»,- հայտարարել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ իր հայտարարության մեջ որևէ սենսացիոն տարր չկա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները իրենց հայտարարություններում ևս ընդգծել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ ժողովրդի կամարտահայտման օգնությամբ: «Գուցե մեր բանակցային գործընթացը բուքսել է, քանի որ մենք այդքան էլ ճիշտ բանակցային ձևաչափ չունենք: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Իհարկե, մենք բանակցային հետագա գործընթացը պատկերացնում ենք միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը հավելել է, որ խնդիրն առանց փոխզիջումների լուծել հնարավոր չէ, սակայն նախ և առաջ պետք է հարց ուղղել Ադրբեջանին՝ արդյոք այն պատրաստ է փոխզիջման: «Եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների, ապա մենք ևս պատրաստ ենք: Եթե ոչ, մենք ևս պատրաստ չենք: Խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամեն օր սպառնում է պատերազմով, ասում, որ Երևանը ադրբեջանական քաղաք է, իսկ Հայաստանի ողջ տարածքը՝ ադրբեջանական տարածք: Նման մթնոլորտում մենք պարզապես հրաժարվում ենք խոսել փոխզիջումների մասին: Եթե սպառնալիքների մթնոլորտում մենք խոսենք փոխզիջումներից, ինչ-որ մեկը կարող է դա ընկալել որպես թուլության: Մենք դա երբեք թույլ չենք տա: Եթե Ադրբեջանը կարծում է, որ մեզ հետ կարող է խոսել ուժի դիրքերից, ապա մենք ասում ենք, որ դա անհնարին է: Ոչ ոք մեզ հետ չի կարող խոսել այդպես»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]