Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տիեզերքի մասին շարժապատկերներից մինչ վիրտուալ իրականություն. «Թումո»-ի ուսանողները ներկայացրին տարվա լավագույն աշխատանքները

Տիեզերքի մասին շարժապատկերներից մինչ վիրտուալ իրականություն. «Թումո»-ի 
ուսանողները ներկայացրին տարվա լավագույն աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եռաչափ մոդելավորման, շարժապատկերների, անիմացիոն խաղերի մոտ 50 նախագծեր ներկայացվեցին Հայաստանի և Արցախի «Թումո»-ներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Թումո պորտֆոլիո» ամենամյա միջոցառման շրջանակում Երևանի, Գյումրիի, Դիլիջանի եւ Ստեփանակերտի «Թումո» կենտրոնների սաները ներկայացրին վերջին տարվա դասընթացների ու հատուկ աշխատարանների ընթացքում արված լավագույն աշխատանքները:

«Սա Թումոյի գլխավոր միջոցառումներից է, քանի որ ցուցադրում ենք, թե փաստացի ինչ է «Թումո»-ն և թե ուսանողներն ինչ են արել վերջին տարվա ընթացքում: Սա համարում ենք մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, այն արտադրանքը, որը մեր ուսանողներն իրենց դասընթացների շնորհիվ կարողանում են ստանալ»,-ասաց Երևանի «Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:

Ներկայացված էին աշխատանքներ ֆիլմարտադրությունից, խաղերի ստեղծումից, վիրտուալ իրականությունից, եռաչափ մոդելավորումից, նկարչությունից, անիմացիայից, շարժական գրաֆիկայից և այլ ոլորտներից:  Աշխատանքները ցուցադրվելուց հետո լինելու են «Թումո»-ի կայքում, «Պորտֆոլիո» էջը մշտապես թարմացվում է նոր ուսանողական աշխատանքներով: Աշխատանքները տարածվում են նաև սոցիալական ցանցերով:

«Թումո»-ի 10 ուսանողներ ներկայացնում էին փոքրիկ տեսանյութ՝ ապացուցելու, որ իրականում լռություն չկա: «Նկարել և ձայնագրել ենք այն, ինչ լսում ենք շրջակա միջավայրում: Հուսով ենք, որ այն, ինչ լսում ենք, այլևս լռություն չի թվա: Մենք պարզապես ուշադիր չենք, եթե ուշադիր ես լսում, հասկանում ես, որ լռություն չկա»,-ասաց 15-ամյա Սոնա Ազատյանը:

Սաներից Էդ Անդրեասյանը ներկայացրեց ընկերների հետ արված աշխատանքներից մեկը՝ ողջ տիեզերքի մասին պատմող ինֆոգրաֆիկա: «Հիմնականում ներկայացվում է գրաֆիկաներով, դիագրամներով, կան նաև տեքստեր: Սա ինֆոգրաֆիկա է, որը փոխանցում է ինֆորմացիա, թե ինչպես է առաջացել արեգակնային համակարգը»,-ասաց նա:

Հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը վստահեցրեց՝ ուսանողական աշխատանքները ցուցադրվում են տարբեր հարթակներում՝ փառատոններում, կոնֆերանսներում: «Թումո»-ի սաները երրորդ բրոնզե մեդալն են վաստակել ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում Վաշինգտոնում, որին 163-ից ավելի երկներ են մասնակցել:

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011-ին: Թումոն 12-18 տարեկան հազարավոր պատանիների տրամադրում է արտադպրոցական ուսուցում: Թումոն նորարարական կրթական ծրագիր է դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում:

Երևանի «Թումո»-ն այս պահին ունի 10 000 ակտիվ ուսանող: Բոլոր կենտրոններում այս պահին կա 14 000 ուսանող: Հայաստանում երկու նոր կենտրոն է բացվելու Կողբում և Մասիսում: Երկու շաբաթից «Թումո» կբացվի նաև Փարիզում», նոյեմբերին նաև Բեյրութում: Պլաններ կան նաև Ալբանիայում կենտրոն բացելու, սակայն ոչ այս տարի:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]