Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

«Օրինաց Երկիր»-ը բացառում է Քոչարյանի հետ համագործակցությունը


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրինաց Երկիր» կուսակցությունը բացառում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 8-ին կայացած «Օրինաց Երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտնեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Օրինաց Երկիր»-ը բացառում է քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի և նրան սատարող քաղաքական կազմակերպությունների հետ»,- ասաց նա:

Այն հարցին, թե Բաղդասարյանն ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը, նա նշեց, որ դա զուտ իրավական գործընթաց է:

«Քոչարյանի հետ կապված գործընթացները իրավական են: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը:

Օգոստոսի 21-ին Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան, որը եռամսյա ժամկետում որոշում է վարույթ ընդունելը: ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք էր ներկայացնել Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Սեպտեմբերի 4-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ