Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են 536 պետական ու մասնավոր կազմակերպություն


ԳԱՎԱՌ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ի առավոտվա ժամը 10-ից Գեղարքունիքի մարզի բոլոր բնակավայրերում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը, որին մասնակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, բուհերի եւ միջնակարգ մասնագիտական հաստատությունների ուսանողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակին մասնակցում են 536 պետական ու մասնավոր կազմակերպություն, 288 միավոր տեխնիկա, շուրջ 12426 մարդ: Շաբաթօրյակի ընթացքը վերահսկելու նպատակով բոլոր համայնքներում մարզպետարանի կողմից կատարվել են համապատասխան ամրացումներ:Հավաքված աղբը տեղափոխվում է մոտիկ աղբավայրեր: Շաբաթօրյակի ընթացքը լուսաբանվում է հանրապետական ու տեղական զանգվածային լրատվության միջոցներով:
«Կենցաղային աղբի թափոններից մաքրվում են միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհների եզրերը, բնակավայրերի փողոցները, զբոսաշրջային նշանակության վայրերը, հանգստյան գոտիները, պատմական հուշարձանների ու խնջույքների վայր հանդիսացող աղբյուրների շրջակայքը, գետերի ու ջրատարների հուները, պետական ու մասնավոր կազմակերպությունների շենքերի եւ «Աեւան ազգային պարկ»-ի տարածքները: Տեղերում մեծ ակտիվություն է նկատվում: Աշխատանքների ընթացքը նկարահանվում եւ տեղադրվում է Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքապետարանների կայքերում»,-ներկայացրեց մարզպետի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ