Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Հայաստանի և Կորեայի նմանությունները. կորեացի ներդրողները հետաքրքրված են հայաստանյան շուկայով


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի դեսպանատան լիազոր նախարար, մշակութային գծով խորհրդական Կիմ Իլ Հվանգը վստահեցնում է, որ Հայաստանն ու Կորեան պատմության, մշակույթի, մարդկային մտածելակերպի առումով մի շարք նմանություններ ունեն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հվանգը նշեց, որ հայ-կորեական ընկերությունն առաջիկայում զարկ կտա նաև բիզնես համագործակցությանը: Հոկտեմբերի 18-20-ը Հայաստան կժամանի Մոսկվայում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն-Գընը ներդրողների հետ, ովքեր հետաքրքրված են Հայաստանի զբոսաշրջությամբ, մշակույթով , գիտությամբ և կրթությամբ, ՏՏ ոլորտով: «Կան ներդրողներ, ովքեր իրենց բիզնեսը հիմնել են Մոսկվայում և ցանկանում են նաև Հայաստանում շարունակել, և կան մարդիկ, ովքեր հենց Հայաստանով են հետաքրքրված»,-հավելեց նա: Կիմ Իլ Հվանգի խոսքով` Հայաստանի նման Կորեան ևս շատ հին պատմություն ունի, շուրջ 5000 տարվա, և երկու երկրներն էլ, փոքր լինելով, շրջապատված են մեծ պետություններով: «Մեր երկրների նմանությունները շատ են, և, հետևաբար, շատ կորեացիների մեջ հետաքրքրություն է առաջանում գալ և տեսնել Հայաստանը: Ե՛վ Հայաստանում, և՛ Կորեայում առանձնահատուկ կարևորվում է կրթությունը»,-ասաց նա:

Կիմ Իլ Հվանգը  հույս հայտնեց, որ շուտով երկու երկրներում դեսպանատներ կբացվեն, ինչը կհեշտացնի մուտքն ու ելքը երկու երկրների միջև: «Խոսակցություններ կան, որ շուտով Սեուլ-Երևան ուղիղ չվերթ է բացվելու»,-հավելեց Հվանգը՝ հորդորելով հայերին, որ երբ ուղիղ չվերթ բացվի, Կորեա այցելեն ձմռանը, քանի որ այդ եղանակին այնտեղ շատ գեղեցիկ է: Անդրադառնալով Կորեայում ապրող հայերին՝ Կորեայի դեսպանատան լիազոր նախարարն ասաց, որ նրանք շատ քիչ են, մոտ 60 հոգի: Խոսելով մշակութային և կրթական հարաբերությունների հետագա ընդլայնումից՝ Հվանգը ուրախությամբ փաստեց, որ հայ-կորեական մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն ամեն տարի, սակայն հույս հայտնեց, որ Հայաստանը ևս կներկայացնի իր մշակույթն ու սպորտը կորեացիներին: Իսկ կորեերենով հետաքրքրվողներին Հվանգը շտապեց ուրախացնել, որ Բրյուսովի անվան համալսարանում շուտով կգործի հայ-կորեական մշակութային կենտրոնը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ