1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացվեց հուշաքարի տեղադրմամբ

Ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացվեց հուշաքարի տեղադրմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն, ակադեմիկոս, ականավոր հայագետ, հայ միջնադարյան փիլիսոփայության խոշոր գիտակ Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը տեղադրվեց սեպտեմբերի 7-ին Երևանի Ավագ Պետրոսյան 2 հասցեում: Հուշատախտակի հեղինակը ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրգորյանն է:

«Սեն Արևշատյանը բացառիկ գիտնական էր, մտավորական, մարդ: Նա Մատենադարան է մուտք գործել դրա ստեղծման օրվանից: Լևոն Խաչիկյանի և այլ երախտավորների հետ դրել է այդ հաստատության հիմքը: Նա իր կյանքի 55  տարին նվիրել է մեր սրբարանի, մեր գանձարանի, մեր տաճարի պահպանմանն ու զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանն ասաց, որ Սեն Արևշատյանն ահռելի աշխատանք է կատարել հայ միջնադարյան փիլիսոփայության ուսումնասիրությունները զարգացնելու գործում: Նա համոզմունք հայտնեց, որ հետագայում բոլոր հայագետներն անպայման անդրադառնալու են Արևշատյանի հիմնարար աշխատանքներին: «Հուշատախտակը չէ, որ անմահացնելու է նրա հիշատակը, բայց, այնուամենայնիվ, մտավորականության շրջանում նման արարողությունները` հուշատախտակների, հուշաքարերի տեղադրում, անհրաժեշտ են»,- շեշտեց նա:

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը խոստովանեց, որ իր կյանքի ընթացքում հազվադեպ է հանդիպել Արևշատյանի պես  բարձր ինտելեկտ ունեցող մարդկանց: «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ նա նաև խոսքի մշակույթի մեծ վարպետ էր: Արևշատյանին լսելով երբեք չէիր հոգնի, քանի որ շարունակաբար նորություն էր ասում: Պատահական չէր, որ Մատենադարան այցելած կարևորագույն մարդկանց` նախագահներին, վարչապետներին, խոշոր գիտնականներին, արվեստաբաններին առաջին հերթին Սեն Սուրենովիչն էր ներկայացնում մեր կադրերը՝ տպավորիչ լեզվով ու հետաքրքրությամբ` հիացմունք պատճառելով բոլորին»,- փաստեց Հակոբյանը:

Սեն Արևշատյանն աշխատել է Մատենադարանում ձևավորման առաջին իսկ օրվանից, շուրջ քառորդ դար (1982-2007 թթ.) եղել է տնօրենը, իսկ 2007-2014 թթ.՝ Կառավարման խորհրդի նախագահը:

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Կահիրեում, Աթենքում և այլուր։ Աշխատություններն հիմնականում վերաբերում են հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջնադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Ակադեմիկոս Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]