Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Armenia EXPO 2018»-ում ՀՀ նախագահը կարևորեց հայկական արտադրանքի արտահանումը, ցուցահանդեսին մասնակցում է 10 երկրի 200 ընկերություն

«Armenia EXPO 2018»-ում ՀՀ նախագահը կարևորեց հայկական արտադրանքի 
արտահանումը, ցուցահանդեսին մասնակցում է 10 երկրի 200 ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Մերգելյան ինստիտուտ»-ի տարածքում գտնվող «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում սեպտեմբերի 7-ին մեկնարկեց «Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ողջունելով ներկաներին, հայտնեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում է  200-ից ավելի սուբյեկտ:

«Մեզ թվում էր, որ  ցուցահանդեսի  հեղինակությունը կմարի և տաղավարների քանակը քիչ կլինի:  Այս տարի 200-ից ավելի մասնակիցներ ունենք, «Երևան էքսպո»-ի երեք հարկերը ամբողջովին լցվել են. ժամանել են 10 երկրների ներկայացուցիչներ:  Միջոցառման ընթացքում կցուցադրվեն տնտեսությունում հավակնոտ ճյուղերի ցուցանմուշները , և համագործակցության հարթակ կստեղծվի»,- ասաց Ղազարյանը:

Տաղավարներով շրջայց կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը հայտնեց, որ  իրեն հատկապես հետաքրքրել էր այն մասնակիցների տաղավարները, որոնք կարողանում են իրենց արտադրանքը արտահանել:

«Մենք տեսանք ընկերություններ, որոնք ներկայումս իրենց  արտադրանքը արտահանում են  եվրասիական տարածք: Իմ  հարցերից մեկը այն է` արդյոք  բավարարվա՞ծ են մաքսային տուրքերից, խնդիրներ կա՞ն, թե՝ ոչ: Սա շատ էական է, որովհետև մեր երկիրը հենց այդ  ուղղվածությունը պետք է ունենա` դառնա ժամանակից երկիր, որը իր արտադրանքը կարողանա արտահանել աշխարհով մեկ և, նախ և առաջ, հարևաններին ու Եվրասիական տարածք»,- ընդգծեց Սարգսյանը:

Նախագահը նաև անդրադարձավ գյուղացիների կողմից գյուղատնտեսական  ապրանքների արտահանման խնդրին:

«Խնդիրներից առաջինը, իհարկե, փոքր չափի և նաև փոքր տոկոսադրույքով վարկավորում ստանալն է, երկրորդը` իրենց արտադրանքը արտահանելու հնարավորություն ունենալն է, որովհետև գյուղացին հնարավորություն չունի իր արտադրանքը մեծ շուկա հասցնելու, հետևաբար, դա շատ էական խնդիր է:  Երրորդը` տարիքով մարդիկ բողոքում էին նրանից, որ սերնդափոխության խնդիր կա` երիտասարդները չեն ցանկանում մնալ և շարունակել  կյանքը գյուղում: Սա շատ մեծ խնդիր է մեզ համար, որովհետև ստացվում է,  որ մենք ունենում ենք գյուղական  տարածքներում մեծ բաց»,- ասաց Սարգսյանը:

«Armenia EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումին մասնակցում են ընկերություններ Հայաստանից,  Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրանից, Իտալիայից, ԱՄՆ-ին և Հնդկաստանից:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 9-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]