Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կրկնակի ավելացել է կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցվող քրգործերի թիվը. կիսամյակային ամփոփում

Կրկնակի ավելացել է կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցվող քրգործերի 
թիվը. կիսամյակային ամփոփում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ. նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ իրավասու մարմինների վարույթներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերը և  հարուցված քրեական գործերը ավելի քան կրկնակի գերազանցել են 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում նախապատրաստվել է առերևույթ կոռուպցիոն հացնագործությունների հատկանիշներով 380 նյութ, որից 286-ով հարուցվել է քրեական գործ, ապա 2018թ. նույն ընթացքում նախապատրաստվել է 786 նյութ, որից 579-ով հարուցվել են քրեական գործեր: Այս ցուցանիշը վկայում է մի կողմից նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հասարակության դրսևորած նախաձեռնողականության և հետևողականության, ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մակարդակի աճի, իսկ մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների միջև գործակցության, ընդհանուր աշխատանքի արդյունավետության կտրուկ բարձրացման մասին:  

Նախաքննական մարմինների վարույթում 2018թ. առաջին կիսամյակում քննվել է ընդհանուր 947 քրեական գործ, որից ավարտվել է 276-ի վարույթը: Դրանցից 78 քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 

2017թ. նույն ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուրը 610 քրեական գործից ավարտվել է 269 գործի վարույթ, որոնցից 69-ը՝ 117 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

Համեմատությունը վկայում է, որ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն ավելացել է 337-ով կամ 55.4%-ով, դատարան ուղարկված քրեական գործերի թիվը՝ 9-ով կամ 13%-ով: Նշված ցուցանիշը վկայում է նախաքննության մարմինների և մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների ծանրաբեռնվածության զգալի ավելացման մասին, ինչպես նաև՝ այս գործերով քննությունների լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, ապացույցների լիարժեքությունն ապահովելու, կոռուպցիոն մեխանիզմների կամ շղթաների, դրանցում ներգրավված պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու հարցում վարույթն իրականացնող մարմինների կողմից դրսևորվող առավել մեծ հետևողականության: 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդում է իրականացվել 400, իսկ 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 195 անձի նկատմամբ: Այսինքն՝ 2017թ. 1-ին կիսամյակի համեմատ կոռուպցիոն հանցագործությունների ենթադրյալ կատարման համար քրեական հետապնդման ենթարկված  անձանց թիվն ավելացել է 205-ով կամ 105%-ով: Ընդ որում ՝ եթե 2017թ. 1-ին կիսամյակում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված 195 անձանցից 35-ը կամ 18%-ն  է գտնվել նախնական կալանքի տակ, ապա 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 400 անձանցից 38-ը կամ 9.5%-ը: Կոռուպցիոն հանցագործությունների առերևույթ կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փաստացի գրեթե կրկնակի ավելի քիչ կիրառվելու հանգամանքն առաջին հերթին պայմանավորված է խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոփոխության ենթարկելու հարցում ՀՀ գլխավոր դատախազության կողմից որդեգրված քրեական նոր քաղաքականությամբ, որն արտացոլվել է ՀՀ դատախազության այս տարվա հունիսի 12-ի կոլեգիայի նիստին ընդունված որոշումներում:      

2017թ. առաջին կիսամյակում ՀՀ դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 46 գործ՝ 100 անձի վերաբերյալ: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է` 69 քրեական գործ (50%-ով ավելի) 127 անձի (27%-ով ավելի) վերաբերյալ: Դրանցից 58-ով դատապարտվել է 101 անձ, որից 36-ը՝ ազատազրկման (2017թ.1-ին կիսամյակ՝ 19-ը), 47-ը՝ տուգանքի (2017թ.1-ին կիսամյակ՝ 38), 1-ը՝ հիմնական այլ պատժի, իսկ 17-ի պատիժը պայմանականորեն չի կիրառվել (2017թ.1-ին կիսամյակ՝ 12-ի):

Ըստ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին հանցատեսակների կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական շարժընթացը կներկայացվի առաջիկայում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]