Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Երեք մարզի դպրոցներին կից նախակրթարաններում երեխաներին նախաճաշ է տրվելու


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցներին կից նախակրթարաններում պիլոտային ծրագրով երեխաներին տրամադրելու է նախաճաշ: Մեկ տարի շարունակ հետազոտություններ անցկացնելով՝ կգնահատեն դպրոցական նախաճաշի ազդեցությունը երեխաների սովորելու ունակության վրա, համեմատություն կանցկացնեն նախաճաշ չտվող նախակրթարանների սաների առաջադիմության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 7-ին ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը ստորագրեցին համաձայնագիրը:

«Ընտրվել են այն դպրոցները, որտեղ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնել ենք  նախակրթարաններ: Այս նախակրթարանների երեխաներին ամեն առավոտյան տալու են նախաճաշ: Սա «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի բաղկացուցիչներից մեկն է: Հետազոտության արդյունքում պարզ կդառնա, թե սովորելու ընթացքում ինչ վարքագիծ և առաջընթաց են ցույց տալու այն երեխաները, ում նախակրթարաններում տրվել է նախաճաշ, և նրանք, որոնց նախակրթարաններում նախաճաշ չի տրվել»,-ասաց նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ աշխարհում բավականին շատ հետազոտություններ կան, որոնք պարզում են, թե սնունդը որքանով է ազդում երեխայի սովորելու ունակությունների վրա: Հայաստանում երբեք դա չեն իրականացրել: Եվ սա բավականին լավ հնարավորություն է՝ հասկանալու, թե որքանով է կարևոր դպրոցական սննդի բաղադրիչը որակյալ սովորողներ ունենալու համար: 

Պիլոտային ծրագիրն իրականացնում են Հայաստանի երեք մարզերի՝ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի 50 դպրոցներում:

 Արևիկ Անափիոսյանի խոսքով՝ սրանք այն մարզերն են, որտեղ աղքատությունն ամենաբարձրն է:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ելենա Միլոշևիչը նշեց՝ այս պիլոտային ծրագիրն առաջինն իրականացնում են Հայաստանում՝ հաշվի առնելով այն ուշադրությունը, որը տրվում է երեխաների կրթությանը Հայաստանում: «Սննդի բազմազանությունն իր ազդեցությունը կարող  է ունենալ երեխաների սովորելու, կրթության վրա: Հայաստանում մոտ 100 000 աշակերտ դպրոցներում սնվում են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում: Ծրագրի արդյունքում ավելացել է  դպրոց հաճախումների քանակը»,-ասաց Միլոշևիչն ու նկատեց՝ ծնողների ներդրումը ևս մեծ է, օգնում են՝ ինչով կարողանում են:

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է սկսած 2010 թ.: Դրա ժամկետը մինչև 2018-ի դեկտեմբերի 31-ն է,  և սեպտեմբերի 7-ին պիլոտային այս ծրագրով այն երկարաձգվեց ևս 6 ամսով:

«Հույս ունենք, որ մինչև 2019-ի հունիս հիմնական ծրագիրը կստորագրվի: Իսկ այս ծրագրով ուղղակի երկարացվում է «Կայուն դպրոցական սնունդ»-ը,-ասաց համանուն հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագիրն ընդգրկում է մոտ 60 000 երեխա՝ հինգ մարզում: Այս տարվա սեպտեմբերից միացել է նաև Շիրակի մարզը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ