1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վարդենիսի քաղաքային հիվանդանոցի եւ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի միավորման գործընթացն արդեն օրակարգում է

Վարդենիսի քաղաքային հիվանդանոցի եւ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի 
միավորման գործընթացն արդեն օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդենիսի հիվանդանոցի և Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի, Բերդի բժշկական կենտրոնի և Բերդի առանձին բժշկական ջոկատների միավորման գործընթացն արդեն օրակարգում է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված կոնֆերանսում այս մասին ասաց ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: Նրա խոսքով`բուժհաստատությունների միավորման արդյունքում քաղաքացիական ազգաբնակչության բժշկական ծառայությունները մատուցվելու են ռազմաբժշկական հաստատությունների կողմից: «Հոսպիտալային օղակի հեռանկարային զարգացման օրակարգում կարևորում ենք նաև արդի չափանիշներին համապատասխան հոսպիտալային համալիրի կառուցումը Երևանում»,-ասաց Հովհաննիսյանը՝ կարևորելով ռազմաբժշկական ոլորտի որակի արդիականացումն ու կատարելագործումը: «Նպատակ հետապնդելով բժշկական ծառայությունների մատչելիության, որակի բարձրացման ճանապարհով բարելավել զինծառայողների առողջական վիճակի բնութագրիչները, հատուկ շեշտադրում ենք հիվանդությունների կանխարգելմանը, վաղ ախտորոշմանը և բուժմանն ուղղված գործողությունները՝ նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդացություններով հիվանդության ցուցանիշները»,-ընդգծեց նա: Գայանե Հովհաննիսյանը շեշտեց, որ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում գրեթե 97 տոկոս դեպքերում վիրավորները հոսպիտալներ և առանձին բժշկական ջոկատներ տեղափոխվել են առաջին չորս ժամվա ընթացքում: Այս գործընթացում նա կարևորեց կրտսեր մասնագետների վերապատրաստումն ու բուժօգնության օղակում նրանց դերի բարձրացումը: «Ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հնարավորությունները ընդլայնվում են, կատարելագործվում են կրթական ծրագրերն ու արդիականացվում են գործնական հմտությունների ուսուցման միջոցները: Եթե ռազմաբժշկության ուսումնական կենտրոնում նախկինում յուրաքանչյուր կիսամյակում պատրաստություն էին ստանում 45-ական ժամկետային պարտադիր զինծառայողներ, ապա այս կիսամյակից սկսած նրանց թիվը հասցվելու է 60-ի, ապա 90-ի»,-ասաց Հովհաննիսյանը՝ պարզաբանելով, որ կրտսեր մասնագետների թվի ավելացումը հնարավորություն կտա մեծացնելու առաջին օգնության ցուցաբերման հնարավորությունները, ինչն էլ կնպաստի որակի բարձրացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]