Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

Հարութ Հովսեփյանն առաջին անհատական ցուցահանդեսում ներկայացրել է  բազմաոճ գործեր


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ նկարիչ ՀովՀարի (Հարութ Հովսեփյան) «Դու...» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործություններն աչքի են ընկնում առեղծվածայնությամբ և արտահայտում են նկարչի ցանկություններն ու մտահոգությունները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հովսեփյանը խոստովանեց, որ փորձել է ասել` մարդը և՛ սուրբ է, և՛ ստոր:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին Նոր արվեստանոցում:

«Ցուցահանդեսը նվիրված է յուրաքանչյուր այցելուի: Շատ եմ մտածել, թե ինչ է նկարչությունը և, առհասարակ, արվեստը: Տարիների ընթացքում այդ հարցի շուրջ ունեցած բոլոր մտքերս, գաղափարներս արտացոլվել են ցուցասրահի հինգերորդ սրահում ներկայացված ստեղծագործության մեջ»,- նշեց Հովսեփյանը:

Նրա խոսքով` այն կերպարները, որոնք պատկերված են կոլաժներում` Վան Գոգ, Կլիմտ և այլ մեծանուն նկարիչներ, իրեն բերել են այդ գաղափարին, որ և՛ ինքը, և՛ բոլորն աշխարհի կենտրոնում են, և ամեն բան կարող ենք անել. մենք ենք աստվածացնում և ստրկացնում ամեն բան:

Իր իսկ աշխարհայացքների, մտածողության ու ներաշխարհի, խարիզմային անհասկանալի տարբերության ու նմանության, անտարբերության և ուժգին սիրո խաչմերուկում է առաջացել ՀովՀարի «Դու...» ցուցահանդեսի գաղափարը։ Բոլոր կտավները ծնվել են ստեղծագործական և անձնական ապրումների շիլաշփոթում, բայց անհատական ցուցադրության համար անհրաժեշտ է եղել ասելիքով հանդես գալ: Ցուցասրահների կտավներն ունեն հաջորդական շարունակություն, յուրահատուկ անցումային մոտեցումներ:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 11-ը:

Հարություն Հովսեփյանը ծնվել է 1991 թվականին Աբովյան քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է հարազատ քաղաքի դպրոցում: 2003-2008 թվականներին սովորել է Աբովյանի Գեղարվեստի դպրոցում: Կրթությունը շարունակել է Փանոս Թերլեմեզյանի անվան քոլեջում: Ուսման ընթացքում ծառայել է բանակում: 2015 թվականին ընդունվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրաֆիկայի բաժին, որտեղ սովորում է մինչ օրս: Նա եղել է կամավոր Ապրիլյան քառօրյա պատերազմում:  2016  թվականին ընկերների հետ հիմնադրել է Նորարար արվեստանոցը և օգնում է սկսնակ արվեստագետներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ