Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

#ԿինոՇաբթի. «Մռայլ արտացոլանքները» և չորս նոր ֆիլմեր կհայտնվեն հայկական կինովարձույթում


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր #ԿինոՇաբթի է: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ամեն հինգշաբթի ընթերցողին պատմել տվյալ շաբաթվա կինոպրեմիերաների մասին: Սեպտեմբերի 6-ից երևանյան կինոթատրոններում հնարավոր կլինի դիտել 5 նոր ֆիլմեր:

«Մեծն հավասարեցնողը

Ֆիլմի գլխավոր հերոսը Կենտրոնական հետախուզական վարչության նախկին գործակալ Ռոբերտ ՄակՔոլն է, ով հիմա դարձել է տաքսու հասարակ վարորդ:  Հանցագործները սպանում են նրա միակ մտերիմ ընկերոջը՝ Սյուզենին: Հերոսը որոշում է գտնել կնոջը սպանած անձանց ու հայտնաբերում, որ Սյուզենը խանգարել է շատ վտանգավոր մարդկանց: Բայց Ռոբերտը պակաս վտանգավոր չէ…

Ռեժիսոր՝ Անտուան Ֆուկուա, դերերում՝ Դենզել Վաշինգտոն, Պեդրո Պասկալ, Էշթոն Սանդերս և այլք:

«Մռայլ արտացոլանքները»

Անհասկանալի հիվանդության պատճառով ԱՄՆ-ում բնակվող երեխաների 98%-ը մահանում է, իսկ ովքեր մնում են ողջ, հայտնվում են հատուկ ճամբարում, քանի որ ունեն գերունակություններ: 16-ամյա աղջիկը փախչում է ճամբարից և միանում մի խումբ դեռահասների, ովքեր թաքնվում են պետական մարմիններից:

Ռեժիսոր՝ Ջենիֆեր Յու, դերերում՝ Ամանդլա Սթենբերգ, Մենդի Մուր, Գվենդոլին Քրիստի և այլք:

«Քին»

Էլիի հայրը խնդրում է նրան փորձել խուսափել փորձանքներից և հատկապես հեռու մնալ բանտից նոր ազատված իր մեծ եղբորից։ Սակայն Էլին պատահաբար գտնելով գաղտնի, օտար մի զենք՝ փորձում է օգնել իր եղբորը։ Այժմ նրանք երկուսն էլ ստիպված են փախչել, որպեսզի փրկվեն ազդեցիկ հանցագործներից, հատուկ ջոկատի գործակալներից և զուգահեռ աշխարհի խորհրդավոր զինվորներից...

Ռեժիսոր՝ Ջոնաթան Բեյքեր, Ջոշ Բեյքեր, դերերում՝ Մայլզ Թրուիթ, Զոյի Կրավից, Ջեյմս Ֆրանկո և այլք:

«Մի նշանակման պատմություն»

Մոսկվաբնակ Գրիգորի Կոլոկոլցևը ոգեշնչված մեկնում է ծառայության Տուլայի շրջան, սակայն նրա ծառայության ընթացքում հանցագործություն է տեղի ունենում: Այժմ տեղի զինվորներից մեկին սպառնում է մահապատիժ: Կոլոկոլցևը դիմում է կոմս Տոլստոյին, ով էլ իր հերթին որոշում է պաշտպանել անմեղ զինվորին:

Ռեժիսոր՝ Ավդոտյա Սմիրնովա, դերերում՝ Ալեքսեյ Սմիրնով, Եվգենի Խարիտոնով, Իրինա Գորբաչովա և այլք:

«Պինգվինների գաղտնի կյանքը»

Չորրորդ դասարանում սովորող Աոյանաման օրագիր է վարում, որտեղ գրառում է իր բոլոր բացահայտումներն ու փորձերը: Օրերից մի օր նրա հարազատ քաղաքում առեղծվածային կերպով պինգվիններ են հայտնվում: Տղան փորձում է բացահայտել այդ առեղծվածը...

Ռեժիսոր՝ Իսիդա Հիրոյասու:

Տեղեկացնենք, որ #ԿինոՇաբթի նախագիծը պատրաստվել է «Մոսկվա», «Սինեմա Սթար», «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալներով:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ