Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

«Արմենպրես»-ը համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Ղրղզստանի ազգային լրատվական գործակալության հետ


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը սեպտեմբերի 6-ին համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց Ղրղզստանի «Կաբար» ազգային լրատվական գործակալության հետ: Փաստաթուղթն ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստի արդյունքներով ստորագրեցին «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը և «Կաբար»-ի տնօրեն Կուբանիչբեկ Թաաբալդիևը:

«Համաձայնագրի ստորագրմամբ՝ մենք պաշտոնական բնույթ ենք տվել այն համագործակցությանը, որը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ: Փաստաթղթի ստորագրումը նոր խթան կդառնա տեղեկատվության փոխանակման հարցում: Իսկ մեր օրերում կա տեղեկատվության փոխանակման ակտիվացման խիստ անհրաժեշտություն: Միշտ գալիս է նոր սերունդ, որին պետք է ինֆորմացնել այն մասին, թե ինչ է տեղի ունենում մեր երկրներում»,- նշեց Անանյանը՝ մեծապես կարևորելով, որ տեղեկատվության այդ փոխանակումը մշտական բնույթ կրի: Նրա համոզմամբ՝ համաձայնագիրը կնպաստի, որ Ղրղզստանում ավելի շատ բան իմանան Հայաստանի, իսկ Հայաստանում՝ Ղրղզստանի մասին:

ԱՊՀ պետական լրատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի 25-րդ նիստն անց է կացվում Իսիկ Կուլում: Կազմակերպիչը Ղրղզստանի «Կաբար» ազգային լրատվական գործակալությունն է:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Այն պետական լրատվամիջոց է: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկայում թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` 4 լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն և արաբերեն): «Արմենպրես»-ը աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ ունի երկկողմ գործակցության պայմանագրեր, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին հինգ տարիներին: 

«Կաբար»-ը Ղրղզստանի ամենահին լրատվական գործակալությունն է: Այն հիմնադրվել է 1937 թվականին: Ներկայում այն լրատվություն է հաղորդում ղրղզերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, չինարեն ու արաբերեն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ